Ադրբեջանի ԱԳՆ մամուլի պատասխանատու Լեյլա Աբդուլլաևան, արձագանքելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Բաքուն խոչընդոտում է Արցախում միջազգային կազմակերպությունների աշխատանքին, ասել է, թե ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում կարող է քննարկման առարկա լինել միայն Բաքվի և միջազգային կազմակերպությունների միջև»:
«Երրորդ երկրի ներկայացուցչի մեկնաբանությունն այս հարցումը անտեղի է։ Լավ կլիներ, եթե Հայաստանի ԱԳ նախարարը մեկնաբաներ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված իր երկրի ստանձնած պարտավորությունների կատարումը»,- ասել է Աբդուլլաևան, գրում է Haqqin.az-ը։
«Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների գործունեությանն Ադրբեջանի տարածքում, ապա ըստ ՄԱԿ ԳՎ 1991թ․ դեկտեմբերի 19-ի «Հումանիտար օգնության համակարգման մասին» բանաձևի, նման գործունեությունն իրականացվում է պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա»,-ասել է նա։
Միրզոյանն Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ երևանյան ասուլիսում ասել էր, որ Ադրբեջանը փորձում է սահմանափակել նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքներն Արցախի Հանրապետությունում և ստիպել կառույցին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որն ինքն է ուզում։
«Մենք ցավով պետք է արձանագրենք, որ մշտապես հակառակ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Հակահայ հռետորաբանությունն ու սահմանին ագրեսիվ քայլերը, ինչպես նաև ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը»,– ասել է Միրզոյանը։ Նա շեշտել է, որ թեև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէր, սակայն Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մարդկությանը նոր մահեր պետք չեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը