168.am-ը գրում է.
«Հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Դվին» հյուրանոցային համալիրում նախատեսված ընդունելությունը չեղարկվել է, քանի որ բանակի ղեկավար կազմում կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցությունից հետո:
168.am-ը գրել էր, որ հունվարի 28-ին «Դվին» հյուրանոցային համալիրում իշխանությունները պատրաստվում են ճոխ նշել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակը:
Պաշտպանության նախարարությունից լինելու էր ղեկավար կազմը, նաև ԳՇ պետը:
Պարզվում է՝ կորոնավիրուս հայտնաբերվել է նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանի մոտ, որը երեկ չէր ներկայացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացված կոլեգիայի նիստին:
Սակայն խնդիրն այն է, որ 168.am-ի տեղեկություններով, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՊՆ Սուրեն Պապիկյանի մոտ, որը երեկ առանց դիմակի գերատեսչական պարգևներ էր հանձնում զինված ուժերի՝ առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներին և զինծառայողներին:
Մինչդեռ անցած շաբաթ կառավարությունը որոշում էր ընդունել, որ արձակուրդ կստանան միայն պատվաստված զինծառայողները:
Մի կողմ թողնենք, որ զինծառայողները չեն կարող դուրս գալ և գնալ պատվաստվել, այսինքն՝ դա պետք է պատշաճ կազմակերպվի, այս դեպքում հարց է՝ որևէ պատասխանատվություն չպե՞տք է կրեն ՊՆ ղեկավարները, որոնք շփվել են զինծառայողների հետ և գուցե վարակել:
Հավելենք, որ երեկ վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ Նիկոլ Փաշինյանի մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանին, թերևս, տեղին է հիշեցնել նաև համաճարակով պայմանանավորված արտակարգ դրության օրերին նրա որդու հարսանիքը, որի պատճառով Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց ԳՇ պետի պաշտոնից:
ԳՇ պետը, ըստ էության, շատ հանգիստ կարող էր հրաժարվել Սուրեն Պապիկյանի հարսանիքին մասնակցությունից՝ հիշեցնելով և՛ այս դեպքը, և՛ այն, որ մի քանի օրից բանակի տոնն է, և պետք է անցանկալի դեպքերից խուսափել՝ վտանգի տակ չդնելով նաև զորքին: Չի արվել, և ունենք այն, ինչ ունենք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը