14 01 2022

Ռուսաստանը անսկզբունքայնության մաստեր կլաս է ցույց տալիս․ Politik.am

Ռուսաստանը անսկզբունքայնության մաստեր կլաս է ցույց տալիս․ Politik.am

Politik.am-ը գրում է․ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները եզակի անսկզբունքայնություն են ցուցաբերում։ Երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Պուտինի անունից պարգևատրվել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Ստացվում է ՌԴ նախագահի անունից պարգևատրվել է մի մարդ, որի ղեկավարած կառույցը կամ մեղադրանք է առաջադրել կամ պաշտպանել պրոռուսական գործիչների նկատմամբ առաջադրված մեղադրանքները։ Բոլոր դեպքերում էլ ակնհայտ է եղել, որ հարուցված գործերը քաղաքական ենթատեքստ ունեն։

Արթուր Դավթյանի քավորությամբ քրեական գործեր են հարուցված պրոռուսական գրեթե բոլոր գործիչների նկատմամբ, որոնց թվում են Արմեն Գևորգյանը, Միքայել Հարությունյանը, Արթուր Վանեցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Սրան զուգահեռ Արթուր Դավթյանի ակտիվ ջանքերի շնորհիվ նաև եզակի անձեռմխելիություն են ստացել հակառուսական գործիչները, անգամ ՌԴ դեսպանատան վրա ձու նետող կամ ՌԴ դրոշը ոտնատակ տվողները։

Եվ այս գործերի ֆոնին Արթուր Դավթյանը մեդալ է ստանում ՌԴ նախագահի անունից։

Հետաքրքիր է, որ անգամ տեսականորեն դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ կողմից կարող էր պարգևատրվել Հայաստանի որևէ գլխավոր դատախազ որի քավորությամբ անգամ ամենահանցավոր պրոամերիկյան գործչի նկատմամբ քրեական գործ հարուցվեր։ ԱՄՆ-ն այս հարցում սկզբունքային է ու շատ արագ պատժամիջոցներ է կիրառում այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք թիրախավորում են իր հետ հարաբերություններ ունեցող գործիչներին։ Արթուր Դավթյանը ու նույնիսկ իր կատուն կհայտնվեին ԱՄՆ սև ցուցակում, եթե որևէ քրեական գործ հարուցվեր օրինակ Արթուր Սաքունցի կամ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ։

Այս ամենից պարզ է դառնում, թե աշխարհում ինչու է ակնհայտորեն նվազում Ռուսաստանի ազդեցությունը։ Մարդիկ Ռուսաստանի հետ գործ բռնելուց, իրենց պետության շահերը Ռուսաստանի շահերի հետ համադրելուց առաջ պետք է լավ մտածեն, որ մի օր այդ երկիրը կարող է անսպասելի հետքայլ անել ու նրանք կմնան միայնակ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ