10 01 2022

Վեդի համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան մարտի 27-ին

Վեդի համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան մարտի 27-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովնա այսօր՝ հունվարի 10-ին կայացած իր արտահերթ նիստում հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» որոշումները՝ Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների անցկացման օր է նշանակել 2022 թվականի մարտի 27-ը: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ից:

Նշենք, որ օրենքի պահանջով  յոթօրյա ժամկետում պետք է հրապարակեն ընտրությունների անցկացման ժամանակացույցը, այդ թվում՝ թեկնածուների գրանցման, քարոզարշավի մեկնարկի վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ին էին անցկացվել ՏԻՄ ընտրությունները։ Ընտրապայքարի էին դուրս եկել «Իմ հզոր համայնք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին քվեարկել էր 8666 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը գլխավորում էր Արարատի նախկին մարզպետ, ընտրություններից հետո Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Գարիկ Սարգսյանը, ստացել էր 7690 ձայն։

Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը, որի ղեկավարը հենց Արարատի մարզից է, ստացել էր 3299 ձայն։

Այսինքն՝ ընտրություններին մասնակցած որևէ քաղաքական ուժ չէր կարողացել հաղթահարել և հավաքել անցողիկ՝ 50+1% շեմը, ինչը նշանակում է, որ չէր կարող ինքնուրույն համայնքապետի թեկնածուին ընտրել առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու: Բայց կոալիցիա այդպես էլ չկազմվեց, փոխարենը՝ դեկտեմբերի 16-ին ավագանու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անդամները ինքնաբացարկ հայտնեցին և հրաժարվեցին մանդատներից, որից հետո էլ հայտարարեցին նոր ընտրություններ անցկացնելու մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ