«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների ավագանու բոլոր թեկնածուներով թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողով ենք ներկայացրել ինքնաբացարկի դիմումներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը:
«Դիմումները քննարկվելու են այսօր` ժ.11։00֊ին, տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից հրավիրված նիստի ժամանակ։
Այս քայլին գնում ենք խորը գիտակցումով` բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընտրողներին և հավաստիացնում, որ մեր կողմից արվել է ամեն ինչ, որպեսզի իրենց տված ցանկացած քվե հասնի իր նպատակին։
#Ապագա_կա_Վեդի
Եվ այդ ապագան միասին ենք կերտելու», - գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Yerevan.Today-ը գրել էր, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքում ծեծի է ենթարկվել «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանը, ով դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը: Պատճառները միանգամայն քաղաքական են․ բանն այն է, որ «Վեդեցի Գոջը» համառորեն հրաժարվում է կոալիցիա կազմել իշխանական Քաղպայմանագիր կուսակցության ավագանու հետ ու այդպիսով աջակցել Փաշինյանի սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին, որպեսզի նա դառնա Վեդու խոշորացված համայնքի ղեկավար։ Վեդու համայնքապետ դառնալու շանսն ընդդիմության ձեռքում է: Վեդու ՏԻՄ ընտրություններում դեկտենմբերի 5-ին հաղթել է ընդդիմությունը՝ Սպարտակ Թաթիկյանի դեմքով, պարտվել է Փաշինյանի քաղաքական թիմը՝ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ․ նա էր իշխանության թեկնածուն Վեդու ՏԻՄ ընտրություններում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը