15 12 2021

Վանաձորում Ական ու Էդմոնը ՔՊ-ի նենգ ծրագրին են մասնակցում. hraparak.am

Վանաձորում Ական ու Էդմոնը ՔՊ-ի նենգ ծրագրին են մասնակցում. hraparak.am

Մամիկոն Ասլանյանին ձերբակալելը փոխում է ուժերի հարաբերակցությունը եւ նրա` քաղաքապետ ընտրվելը դառնում է անհնարին: Այս մասին գրում է hraparak.am-ը։

Բանն այն է, որ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը  Վանաձորում ստացել է 49 տոկոս ձայն եւ բանակցություններ էին ընթանում «Հայրենիք» կուսակցության հետ, որը մոտ 5 տոկոս ձայն էր ստացել: Այս ընթացքում անասելի ճնշումներ են գործադրվել եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի եւ նրանց Վանաձորի թեկնածուի` Վահե Դոխոյանի նկատմամբ, որ այս միավորումը տեղի չունենա: Բայց չի ստացվել: Փոխարենը ամեն ինչ արել են, որպեսզի ավագանի անցած մյուս ուժերը` Արկադի Փելեշյանը` Ական եւ «Լուսավոր Հայաստան»-ը միանան ՔՊ-ին եւ Արամ Խաչատրյանը դառնա քաղաքապետ: Թվում էր` Մամիկոն Ասլանյանի հետ աշխատած Ական, որը հեղինակություն է Վանաձորում, չպետք է ենթարկվեր ճնշումներին, իսկ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» պետք է ձեռնպահ մնար ՔՊ-ի հետ միավորվելուց, քանի որ իրեն ընդդիմություն է հռչակել, սակայն, պարզվում է` ոչ: Չկան չծախվողներ, կան` գնի շուրջ սակարկողներ: Վերջիններս ոչ միայն համաձայնել են, այլեւ ամեն ինչ արել են, որ իշխանական նենգ ծրագիրն իրականություն դառնա: 

«Լուսավոր Հայաստանը» դիմել է դատարան` ժամանակ շահել, որպեսզի իշխանությունը Ասլանյանին հետապնդելու ձեւական պրոցեդուրան հասցնի իրականացնել եւ այսօր Ասլանյանը ձերբակալվեց` շինծու մի մեղադրանքով եւ ըստ ամենայնի` նաեւ կկալանավորվի:

Մամիկոն Ասլանյանի բացակայության պայմաններում` դեկտեմբերի 17-ի ավագանու նիստում ձայները կբաշխվեն հավասար` 16 ձայն ՔՊ-ն կունենա` իր «հաճախորդներով», 16 ձայն` «Ասլանյան դաշինքն» ու «Հայրենիքը» միասին: Ինչը նշանակում է, որ ընդդիմությունը քաղաքապետ չի կարողանա ընտրել։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ