«Փաստինֆո»-ն գրում է․
«Ըստ ամենայնի՝ արդեն շատ պարզորոշ և վերջնական իր նախընտրություններն արել է Փաշինյանի գլխավոր դատախազ Դավթյան Արթուրը:
Օրերս ՀՀ Սահմանադրական դատարանը երկրորդ ապտակը հասցրեց նրա դեմքին։ Առաջինն այն ժամանակ էր, երբ ՍԴ-ն որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործով՝ 300.1 հոդվածը ճանաչելով հակասահմանադրական, իսկ երկրորդը, երբ բավարարեց ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։
Այս փաստն, ըստ էության, գլխավոր դատախազին պատային իրավիճակի մեջ է դրել՝ թողնելով մեկ ճանապարհ, այն է՝ ցանկացած պարագայում բացառապես փաշինյանին ենթարկվելը։
Ի դեպ, տեսակետը, թե նա մասնագիտական դաշտում տկար չէ, բնավ այլևս էական չէ: Բնավ այլևս նշան չունի, թե նա որքանով է սերտել իրավագիտության դասագրքերը, պրոֆեսիոնալ է, և այլն․․․Եթե մարդը ենթարկվում է ոչ թե օրենքին, այլ ստրկամտորեն՝ կապիտուլյանտին, Արցախն ու Հայաստան պետությունը կործանողին, նրա սերտած գիտելիքը այլևս դատարկ դհոլի դմփդմփոց է, դըմփ-դըմփ-հու...
Ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, որ ինքն իր համար հստակեցրել է, որ ՀՀ իրավական ոլորտի պրոֆեսիոնալների հետ այլևս անցնելու ճանապարհ չունի, չի՛ ունենալու: Օրերս համացանցը հեղեղած՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանի՝ ռաբիսի տակ ինքնամոռաց դհոլ խփելու տեսանյութը լավագույն վկայությունն էր առ այն, որ նրա համար միևնույն է, թե ինչ ծանր օրեր է ապրում Հայաստան պետությունը։
Իսկ միգուցե նա արդեն իսկ իր ապագան պատկերացնում է դրսու՞մ : Եվ միակ ելքը փախու՞ստն է համարում ու օտարության մեջ կյանքի մնացած մասը քարշ տա՞լը: Թերևս․․․
Իր ընտրությունը նա կատարել է կամավոր և գիտակցաբար: Նա ընտրել է Նիկոլին՝ ստորադասելով պետությունը: Նա ընտրել է դատարկ դհոլի ճակատագիրը...»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը