07 12 2021

Հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է, և առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ և թյուրքական իղձ․ Կարեն Ճշմարիտյան

Հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է, և առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ և թյուրքական իղձ․ Կարեն Ճշմարիտյան

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Թուրքը մնում է թուրք
Հիմնավորման կարիք չունի այն, որ Հայերին բնաջնջելու իղձը եղել է, մնացել է, և առայժմ մնալու է, որպես թյուրքական դաշինքի քաղաքական նպատակ և թյուրքական իղձ:
Ռուսաստանի դաշնության, Արևմուտքի, Իրանի և թյուրքական դաշինքի(Թուրքիա, Ադրբեջան) կողմից Հարավային Կովկասում իրացվող քաղաքական ու ռազմական օրակարգերին հետևելիս կրկին ու կրկին հիմնավորվում է մեկ ակնհայտ պատմական իրողություն։
Այն է՝ Հայաստանի վարքագծից է կախված տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ Եթե հայկական համարվող կողմը հանդես է գալիս թյուրքական դաշինքի հետ համահունչ և անվերապահ խաղաղության օրակարգով, ապա անմիջապես դադարում են գործել Հայաստանի անվտանգության բացառապես բոլոր ռազմական, աշխարհաքաղաքական ու տնտեսական երաշխիքները։
Հայկական կողմից թրքահաճո արտաքին քաղաքականությունը ցանկացած պարագայում վերածվում է նոր հակամարտությունների արտադրության աղբյուրի, վտանգավոր գործոնի և տարածաշրջանի բոլոր շահառուների համար՝ կայունության լրջագույն սպառնալիքի։
Այլևս պատմությամբ հաստատված անհերքելի իրողություն է, որ այնքան ժամանակ քանի դեռ թյուրքական դաշինքը հիմնավորապես ու վերջնականապես չի հրաժարվել բացահայտ ցեղասպան քաղաքականությունից ( հրաժարումն ապացուցող պայմանները հայտնի են )՝ այս տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խարսխված են լինելու բացառապես հայ-թուրքական հակամարտության գոյության և այդ հակամարտության իրացումը զսպող գործոնների պահպանման վրա։ Հետևաբար, իրական քաղաքականության («ռեալ պոլիտիկ»-ի) տեսանկյունից այս մոտեցման իրագործման հավանականությունը մշտապես կախված է ոչ թե խաղաղություն հաստատող ինչ-որ փաստաթղթերից, այլ հենց Հայաստանում տիրող իրավիճակից և դրանից բխող ներքին և արտաքին քաղաքական վարքագծից: Այսինքն, թուրքական իղձն իրագործելու միակ անփոխարինելի, անհրաժեշտ պայմանը, դա` Հայաստան պետության խարխլումն է: Այն է` առանց դաշնակիցների, թույլ, մեկուսացած, անկազմակերպ, ներսում պառակտված ու քայքայվող, քաոսի մեջ գտնվող, ազգային արժեքները, ասել է թե՝ պետության հիմքերը խարխլած, անվտանգությունը, պաշտպանությունն ու տնտեսությունը կազմաքանդած, և իր պատմական ուղենիշը կորցրած Հայաստանը:
Եվ հակառակը` եթե պետությունը կայուն է, ազգն անպառակտելի ու միակամ, իսկ երկիրը կառավարվում է արդյունավետ, ապա այն հաջողությամբ պահպանում, ընդլայնում ու զարգացնում է իր ժողովրդի արյամբ ու քրտինքով նվաճած բացառապես բոլոր ձեռքբերումները: Ընդ որում` ոչ թե և ոչ միայն խաղաղության միջազգային երաշխիքներ պարունակող փաստաթղթերի, այլ` ռացիոնալ, իրատեսական և ազգային շահերից բխող հմուտ քաղաքականության և գործուն աշխարհաքաղաքական և անվտանգային երաշխիքների ամրապնդման միջոցով: Այս պնդումն արդեն իսկ գործնականում հիմնավորվել է 2018-ին նախորդող տարիներում Հայաստանի և Արցախի ողջ պատմական ընթացքով: Հակառակ դեպքում ոչ մի տեսական մտավարժանք, էժան ձեռնածություն, կամ փաստաթղթային երաշխիք չի կարող ապահովել ոչ անվտանգությունը, ոչ էլ պետության, կամ ազգի և պետության գոյությունը, զարգացումն ու հարատևումը: Այս համատեքստում պետք է հիասթափեցնեմ նաև նրանց, ովքեր համարում են, որ հարցը կարող էր փակվել 1994 թվականին, եթե կնքվեր այլ պայմանագիր։
ՀԳ
Մանկամիտ են, պատեհապաշտ են, կամ չտես փողամոլներ են բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ այսօրվա թուրքն այլևս նախկին թուրքը չէ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ