06 12 2021

Իշխանության վարկանիշը զգալիորեն նվազում է. Վիգեն Հակոբյան․ «Փաստինֆո»

Իշխանության վարկանիշը զգալիորեն նվազում է. Վիգեն Հակոբյան․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․ Հասարակական տրամադրությունների շոշափելի փոփոխություն է արձանագրվում: Իշխանության վարկանիշը զգալիորեն նվազում է, իսկ ընդդիմության համար շատ ավելի լայն շանսեր են առաջանում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ամփոփելով Հայաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ 36 համայնքում, որի արդյունքում միայն 15-ում է ՔՊ-ն համայնքային իշխանություն ձեւավորելու հնարավորություն ստացել։

Քաղտեխնոլոգը նկատեց, որ ՔՊ-ն պարտվում է հիմնականում խոշոր և ազդեցիկ համայնքներում, ինչպես օրինակ Գորիսում, Մեղրիում, Կապանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում:
Ըստ փորձագետի՝ բոլոր այն համայնքներում, որտեղ ընդդիմությունը լուրջ պայքար է տանում, մրցունակ և հասարակության համար ընկալելի թեկնածու է առաջադրում, այնտեղ նույնպես ՔՊ-ն պարտվում է:

Վիգեն Հակոբյանի արձանագրմամբ՝ նույնիսկ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն հավաքած տոկոսներով առաջատար է, դա դեռ չի նշանակում, որ իրենք այդ համայնքներում իշխանություն են դառնալու: Թեև ՔՊ-ն ազդարարում է, որ 36 համայնքից 24-ում իրենք հաղթել են, բայց դրանց զգալի մասում ՔՊ-ն կարող է իշխանություն ձևավորել միայն դաշինքով.

«Նա դեռ պետք է պայմանավորվի իր մրցակիցների հետ, որպեսզի կարողանա դառնալ իշխանություն, քանի որ իր տոկոսները 50+1 չեն, իսկ միանձնյա հաղթանակի մասին կարելի է ազդարարել միայն այն դեպքում, երբ կոալիցիոն կախման չես քո մրցակիցների հետ»,-ասաց Վիգեն Հակոբյանը և արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած քաղաքական ուժի վարկանիշը գնալով նվազում է.

«ՏԻՄ ընտրություններում մեծ ազդեցություն է թողնում քաղաքական գործոնը՝ այն առումով, եթե հանդես ես գալիս ՔՊ-ի բրենդի ներքո, դա արդեն չի երաշխավորում, որ դու հաղթելու ես, ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի մոգական ազդեցությունն այլևս այն չէ, չես կարող այլևս այդ բրենդի տակ ցանկացած ուսապարկ դնել ու մեխանիկորեն հաղթել»,-ասաց քաղտեխնոլոգը:

Ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն բոլորովին այլ ցուցանիշ էր արձանագրել, սակայն փորձագետի արձանագրմամբ, դրանից հետո հասարակության տրամադրվածությունն էապես փոխվել է, ինչը պայմանավորված է սոցիալական վիճակի վատթարացմամբ, ինչպես նաև անվտանգային նոր սպառնալիքներով.

«ԱԺ ընտրություններին Նիկոլ Փաշինյանը հասարակությանը հրամցրեց, որ եթե նախկինները մերժվեն և դրան զուգահեռ Արցախի հարցը փակվի, կյանքը շատ կլավանա, սակայն բնակչությունը, հատկապես սահմանամերձ շրջաններում, հստակ տեսավ, որ պրոցեսը հակառակ ուղղությամբ է գնում, խաղաղություն չկա, մարդկանց սպանում են: Նիկոլ Փաշինյանի ընտրողներից շատերը հասկացան, որ Արցախը ոչ թե բեռ էր Հայաստանի համար, այլ Հայաստանի անվտանգության երաշխիքն էր, իսկ Արցախի հանձմամբ սահմանը եկավ իրենց տուն հասավ, մարդիկ հասկացան, որ վտանգը էլ ավելի է խորացել և հասել բառացիորեն իրենց ննջասենյակները։ Բացի այդ՝ մարդիկ բացում են իրենց սառնարանը և տեսնում , որ իրենց սոցիալական և տնտեսական վիճակը զգալիորեն վատացել է»,-ասաց զրուցակիցը:

Վիգեն Հակոբյանը նաև պնդեց, որ հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո՝ ընդդիմությունը մեծ շանսեր ունի հաջողության հասնելու առումով, եւ պետք է լուրջ վերլուծության ենթարկի առկա քաղաքական և աշխարհաքաղաքական ֆոնը, հասարակության տրամադրությունները և փորձի ավելի ճկուն լինել.

« Պետք է հասկանալ՝ զարգացվածության այս փուլում ի՞նչ է պետք հասարակությանը, ինչ մեսիջներով պետք է հանդես գալ: Ցանկացած փուլում ընդդիմության համար շատ ավելի լայն շանսեր են առաջանում, քանի որ իշխանության վարկանիշը զգալիորեն նվազում է և նվազելու է »,-ասաց զրուցակիցը և հավելեց, որ ընդդիմությունը կարող է շատ տեղերում դաշինք ձևավորել և համայնքային իշխանությունը վերցնել իր ձեռքը:

Նկատենք, որ ՔՊ-ն հիմնականում հաղթում է այն համայնքներում, որտեղ ընտրությունների մասնակցության ցուցանիշը ցածր է, իսկ այն համայնքներում որտեղ ակնհայտորեն մեծ է մասնակցությունը՝ պարտվում է:
Ըստ փորձագետի, այն համայնքներում, որտեղ չկա լուրջ այլընտրանք, այդտեղ բնակչությունն առանձնապես շահագրգռված չէ մասնակցել ընտրություններին, քանի որ մտածում է՝ միևնույնն է , ՔՊ-ն է հաղթելու.


«Այսինքն՝ ընտրություններին մասնակցելու հետաքրքրություն չկա, իսկ երբ մի քանի մրցակից են լինում, և էլի մասնակցությունը ցածր է լինում, նշանակում է, որ ընդհանուր ապատիայից բացի՝ լուրջ այլընտրանք, ի դեմս ՔՊ-ի մրցակիցների, բնակիչները չեն տեսնում:Ուժեղ այլընտրանքի բացակայությունն է շատ դեպքերում բերում ՔՊ-ի հաղթանակի»,-ասաց քաղտեխնոլոգը:

Զրուցակցի դիտարկմամբ՝ ՏԻՄ ընտրության արդյունքներին հետևում են աշխարհաքաղաքական կենտրոնների համապատասխան կառույցները, քանի որ, ըստ փորձագետի, նրանց համար շատ կարևոր է ՝ որքանով է Հայաստանի այսօրվա իշխանությունն ամուր.

«Եթե աշխարհաքաղական որոշ կենտրոններ խաղադրույքը պատերազմի ժամանակ և պատերազմից հետո դրել էին Նիկոլ Փաշինյանի վրա, ապա հիմա նրանք շատ հստակ պետք է վերլուծեն և հասկանան, որ ինչ –որ բան ,այնուամենայնիվ, փոխվում է, դրանից ելնելով իրենց գործունեությունը կամ կարող է արագանալ, ինչն էլ Հայաստանի համար կարող է վտանգավոր լինել, մյուս կողմից էլ կարող են նրանց «ստավկաները» փոխվել, և այն աշխարհաքաղաքական կոնսենսուսը, որ կար Նիկոլ Փաշինյանի շուրջ, կարող է վերանայման ենթարկվել, ինչն էլ, թուլացնելով իշխանությանը, կարող է շանսեր տալ ընդդիմությանը »,-ասաց Վիգեն Հակոբյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ