Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բանակցային ձեւաչափին մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը հանրապետության կառավարության տարածած հայտարարության մեջ, որն արվել է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ռուս սենատոր Գրիգորի Կարասինի բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական կողմը հետաքրքրվել է, թե ինչպիսին է վրացական կողմի վերաբերմունքը տարածաշրջանային խորհրդակցությունների «3+3» նոր մեխանիզմի եւ այս համատեքստում կոնկրետ միջոցառումների հանդեպ, ինչին Զուրաբ Աբաշիձեն պատասխանել է, որ վրացական կողմը չի դիտարկում այս նախաձեռնությանը մասնակցելու հնարավորությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը