Կապանի խոշորացված համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ողջ գործընթացները ղեկավարվել են անձամբ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նա ոչ միայն մասնակցել է նախընտրական հանդիպումներին, համակարգել աշխատանքները, այլև մասնակցել հրապարակային միջոցառումներին և քարոզչությանը։ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին տրամադրել է միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ (սուբվենցիոն ծրագրեր դրանք կոչելով), վարչական անսահման ռեսուրսներ, ոստիկանական պահանջված ուժեր, սակայն ընտրություններում նրանք ընդդիմադիր թեկնածուից կրել են ջախջախիչ պարտություն (71%-ը 29%-ի դիմաց տարբերությամբ)։
Գորիսում՝ բանտում նստած թեկնածուն կարողացավ առաջին փուլով ջախջախից կերպով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթել, երբ ընտրությունների կազմակերպման պատասխանատուն նախկին փոխվարչապետ, սակայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարման հավակնություններ ունեցող Տիգրան Ավինյանն էր։
Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը սկսվելու է Սյունիքից։
Նիկոլ Փաշինյանը շրջապատված է թույլ և պարտված թիմակիցներով։ Այս ընտրությունները ցույց են տալիս, որ նա հանրային հեղինակություն և վստահություն չի վայելում։ Նա մենակ է, նա իրենից ոչինչ չի ներկայացնում, նրա կործանմանը և մեր երկրի փրկությանը շատ քիչ ժամանակ է մնացել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը