Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կատարվող իրադարձություններն ադրբեջանական կողմի ճնշումների շարունակությունն է, նրանք նպատակ ունեն դեպի Նախիջևան միջանցք ստանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Այս ամենը շարունակությունն է այն ճնշումների, որն այսօր ադրբեջանական կողմը և թուրք-ադրբեջանական տանդեմն իրականացնում են ՀՀ-ի նկատմամբ՝ փորձելով ներխուժել և իրենց համար հարմար պայմաններ ստեղծել դեպի Նախիջևան միջանցք ստեղծելու համար»,- նշեց Օհանյանը։
Նրա խոսքով՝ պատճառը ՀՀ պարտված իշխանություններն են, որոնք ոչ մի միջոց չեն ձեռնարկում հայի արժանապատվությունը պահպանելու համար։
Հարցին, արդյոք տեղեկություն ունի հայկական կողմի 1-2 կմ հետ քաշվելու վերաբերյալ, նա նշեց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։
Օհանյանը կարծում է, որ այժմ գործողությունները կատարվում են Սյունիքի մարզի Իշխանասարից դեպի ձախ ընկած հատվածում, դեպի Ջերմուկ։
Հիշեցնենք, որ այսօր` նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը