06 11 2021

Նոյեմբերի 8-ի հանրահավաքով ազգային դիմադրության սկիզբը կդրվի․ Հռիփսիմե Ստամբուլյան

Նոյեմբերի 8-ի հանրահավաքով ազգային դիմադրության սկիզբը կդրվի․ Հռիփսիմե Ստամբուլյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը վստահ է, որ նոյեմբերի 8-ին կազմակերպած հանրահավաքով սկիզբ կդրվի ազգային դիմադրության։

«Բնականաբար մեկ հանրահավաքով դա չի լինի։ Պետք է հասկանանք, որ յուրաքանչյուրիցս է կախված մեր երկրի ապագան, մեր երեխաների ապագան, անկախ Հայաստանում ապրելու ապագան, դրա համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ իր լուման ունենա և այդ պայքարի սկիզբը դրվի։ Մեկ օրով մենք արդյունքի ես չգիտեմ՝ որքանով կկարողանանք հասնել, որքանով չենք հասնի, բայց պետք է բոլորը գան, իրենց ներդրումը ունենան և ցույց տան այս կառավարությանը, որ մենք դեմ էինք այն ամենին, ինչ տեղի ունեցավ նախորդ տարի»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Ստամբուլյանը։

Պատգամավորը հայտնեց, որ այդ հանրահավաքով առաջին հերթին պատրաստվում են հանրության բողոքը հայտնել մեկ տարի առաջ տեղի ունեցածի համար։

«Մենք բոլորս պետք է պայքարենք, որ կրկին մեր երկրից տարածքներ չհանձնեն, չստորագրեն փաստաթղթեր, որը ծանր հետևանքներ կունենա։ Իսկ դրա համար պետք է դուրս գալ և դիմադրել, յուրաքանչյուր մարդ պետք է իր ներդրումն ունենա, այդ մասով իր պատասխանատվությունը կրի, որ հետո չասի՝ «բա դուք անեիք»»։

Ստամբուլյանի խոսքով, ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միայնակ չի կարող պայքարել, եթե հանրությունը չի ցանկանում։

«Եթե մենք այսօր բողոքում ենք այս կառավարությունից, ուրեմն բոլորով միասին, յուրաքանչյուր մարդ պետք է իր վրա այդ պարտականությունը վերցնի։ Այո՛ մեր՝ «Հայաստան» խմբակցության պարտականությունը շատ ավելի շատ է, որովհետև մենք պատգամավոր ենք, ունենք հանրության ձայնը, բայց միայնակ չենք կարողանալու հասնել այս իշխանությունների հեռացմանը, իսկ ներկա իշխանությունների հետ մենք կործանման ենք գնալու, եթե նրանք շարունակեն մնալ։ Այսօր մեզ ուժեղ ղեկավար է պետք երկիրն այս վիճակից հանելու համար, մեր հայրենիքի փրկությունը միայն դրանով է պայմանավորված»,- նշեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը չցանկացավ հանրահավաքին հաջորդող իրենց պլաններից փակագծեր բացել, միայն նշեց, որ իշխանությունների հեռացման իրենց օրակարգը չի փոխվել, հետևողականորեն աշխատելու են՝ բոլոր ճանպարահներով կործանման տանող իշխանությանը հեռացնելու համար։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին` ժամը 18:00-ին, Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ