Սիմոն Բաբայանը երեկ ստանձնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը: Նա ՀՀ Փաստաբաների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ դադարեցրել է պաշտոնավարումը Փաստաբանական դպրոցում:
Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի գործընկերներ,
ՀՀ Փաստաբաների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ այսօրվանից դադարեցրել եմ պաշտոնավարումս Փաստաբանական դպրոցում:
Շնորհակալություն եմ հայտնում Փաստաբանական դպրոցի աշխատակազմին և դասախոսական անձնակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ իմ առաջարկով, Փաստաբանական դպրոցի տնօրենի պաշտոնում` կառավարման խորհրդի միաձայն որոշմամբ, ընտրվել է Արա Զոհրաբյանը:
Անգնահատելի է նրա ավանդը Փաստաբանների պալատի զարգացման, Հայաստանում փաստաբանության և դրա անբաժանելի ինստիտուտների՝ այդ թվում Փաստաբանական դպրոցի կայացման գործում։
Արա Զոհրաբյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, ունի երկարամյա դասավանդման փորձ, նրա ակտիվ մասնակցությամբ են մշակվել Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացի կանոնակարգումները:
Համոզված եմ` Արա Զոհրաբյանի ղեկավարման ներքո ապահովվելու է Փաստաբանական դպրոցի զարգացումը:
Բեղմնավոր և արգասաբեր աշխատանք եմ մաղթում նրան»:
Իր հերթին Արա Զոհրաբյանը նշել է, որ ՀՀ փաստաբանական դպրոցը փաստաբանության ինստիտուտի առանցքային և անբաժանելի միավորն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը