23 09 2021

Նոր լարվածություն Եկեղեցու և իշխանությունների միջև․ «Հրապարակ»

Նոր լարվածություն Եկեղեցու և իշխանությունների միջև․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․  Սեպտեմբերի 21-ին, Անկախության 30-ամյակի առիթով Հանրապետության հրապարակում կայացած տոնական համերգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի  բացակայությունը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց և այս առնչությամբ պարզաբանումների համար դիմեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարողակարգային և արտաքին հարաբերություների բաժնի տնօրեն՝ Գերաշնորհ  Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին: 

- Սրբազան հայր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնական համերգին մասնակցելու հրավեր ստացել է, բայցևայնպես չի մասնակցել: Ի՞նչն է պատճառը:

- Նախ և առաջ կուզենք արձանագրել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որևէ միջոցառման կարող է մասնակցել՝ ելնելով տվյալ միջոցառման բնույթից, ծրագրային ուղղվածությունից և արարողակարգային կազմակերպվածությունից։ 

Իհարկե, Անկախության տոնը պետք է նշվեր, դրանում կասկած չկա, բայց անհրաժեշտ էր նշման եղանակներն ու ընդգրկումը համադրել նաև հանրային տրամադրությունների հետ։ Տեսանելի էր, թե ինչպիսի խիստ հուզականությամբ ընդունվեց այդ համերգի կազմակերպումը: Կազմակերպչական աշխատանքներն ուղեկցվեցին զոհված զինվորների ծնողների և հարազատների հայտարարություններով, հանրային քննարկումներով, ընդվզման ցույցերով և ցուցարարների ձերբակալություններով։ Նման անհամերաշխության պայմաններում, երբ նաև աղետալի պատերազմի տարելիցը չբոլորած՝ մեր ժողովուրդը գտնվում է սգի ու վշտի մեջ, անընկալելի էր տոնական համերգի՝ որպես գլխավոր միջոցառման իրողությունը, որ պիտի բաժանարար նոր սեպ խրեր առանց այն էլ վիրավոր ներհասարակական փոխհարաբերություններում։
Երկրորդ՝ աննախընթաց և առնվազն տարօրինակ է, որ իշխանությունների կողմից որևէ ձևով Եկեղեցին ներգրավված չի եղել Անկախության նշման միջոցառումների կազմակերպմանը: Մայր Աթոռին հասանելի չեն եղել անգամ տարրական տեղեկություններ: Նորին Սրբության անունով ուշ ստացված հրավերից հետո փորձ է արվել կառավարության աշխատակազմից տեղեկանալ նախատեսված տոնական համերգի ծրագրի և արարողակարգային բնույթի այլ հարցերի մասին և այս պարագայում անգամ Մայր Աթոռի արարողակարգային ծառայության զանգերն ու հաղորդագրությունները մնացել են անպատասխան: Այսուհանդերձ, Մայր Աթոռն առաքեց իր երկու ներկայացուցիչների։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ