20 09 2021

Փաշինյանի խոսնակը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

Փաշինյանի խոսնակը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Մանե Գևորգյանը նշում է, որ Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ, եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում:

Ներկայացնում ենք թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերն ու վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի պատասխանները.

Հարց – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել, ի՞նչ կասեք այս մասին:

Պատասխան – Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը եւ արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում, ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների:

Հարց – Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու խնդրի մասին, ասելով, որ դա քաղաքական հարց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան – Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ: Հայաստանը կարեւորում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար եւ Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է եւ ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է եւ հակասում է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները եւ ժողովուրդներին, այլեւ այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաեւ տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը եւ թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է եւ հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ:

Հարց – Ստեղծված պայմաններով որքանո՞վ եք իրատեսական եւ համարժեք համարում տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը:

Պատասխան – Ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը այլեւ այն առավել համակարգված դարձնելը: Այս եւ մյուս քայլերն արվում են ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանի կառավարությունը հետեւողականորեն առաջ է տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորությունները օգտագործելով եւ նոր հնարավորություններ ստեղծելով: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք եւ արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ