16 09 2021

Ո՞վ է Հակակոռուպցիոն կոմիտեի «նորանշանակ» նախագահը և ո՞ր արժանիքներով է հայտնի

Ո՞վ է Հակակոռուպցիոն կոմիտեի «նորանշանակ» նախագահը և ո՞ր արժանիքներով է հայտնի

Կառավարության այսօրվա նիստում Սասուն Խաչատրյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից և նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Առաջարկում ենք վերհիշել, թե ի՞նչ գործունեություն է ծավալել Խաչատրյանը վերջին երեք տարիներին և ինչո՞վ է հայտնի դարձել:

ՀՔԾ պետ նշանակվելուց անմիջապես հետո հայտնի դարձավ, որ նրա հարազատ եղբայրն է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Մհերի Խաչատրյանը։

ՀՔԾ պետի պաշտոնում Սասուն Խաչատրյանի առաջին գործը եղավ «Մարտի 1-ի» գործի վերաբացումը, անմիջապես սկսեցին անուններ հնչել, թե ում և ինչ հոդվածներով պետք է մեղադրանք առաջադրեն։ Քրեական-քաղաքական հետապնդումներ սկսեցին, որի գլխավոր նպատակը դարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը և ՀԱՊԿ-ն վարկաբեկելը։

Դրանից շատ չանցած՝ 2018-ի սեպտեմբերին, համացանցում տարածվեց հայտնի հեռախոսային խոսակցությունը, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները քննարկում էին Ռոբերտ Քոչարյանի կալանավորելու և Յուրի Խաչատուրովին գրավով չկալանավորելու թեմայի մանրամասները։ Զրույցում մանրամասներ ի հայտ եկան նաև, որ այդ ամենը կատարվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով և որ այդ ամենի կատարողն ու ճարտարապետն է Սասուն Խաչատրյանը։

Հետո նույն Մարտի մեկի գործով սենսացիոն բացահայտման մասին խոսեց և ասաց, որ գտել են սպանություններից մեկի մեղավորին: Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց, հետո ազատ արձակվեց անհիմն կալանավորելու պատճառով, իսկ Սասուն Խաչատրյանը դրա մասին մոռացավ:

Նույն գործի շրջանակներում Սասուն Խաչատրյանն Վահագն Հարությունյանին մեղադրյալ ներգրավելու հաջորդ օրը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ գործի քննության շրջանակներում պարկուճներ են կեղծվել, և  Մարտի 1-ի գործի քննությունն ընթացել է այն ուղղությամբ, որպեսզի կոծկվեն իրական նյութերն ու կոտրվի գործի ողնաշարը: Այս հայտարարության համար Վահագն Հարությունյանը դատի էր տվել Խաչատրյանին՝ պահանջելով հերքել զրպատությունը:

Արդյունքում դատարանում Սասուն Խաչատրյանը հրաժարվել էր իր ասածից՝ նշելով, որ խոքը քրգործին է վերաբերել, ոչ թե Վահագն Հարությունյանին:

Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքն ու զինամթերքը, հնարավոր է՝ օգտագործվել է Երևանում 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ: Ամիսներ անց, ասաց, որ փորձաքննությամբ դա հերքվել է, ինքն էլ՝ սխալվել:

Սասուն Խաչատրյանի գործունեության արդյունքը այս ընթացքում եղավ նաև այն, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցրեց ՀՔԾ-ին իրականացնել արդարադատություն: Խոսքը վերաբերում է Սամվել Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելուն, որը ՀՔԾ-ն համառորեն վերցրել էր և խոչընդոտում էր վերջինիս տեղափոխումը արտերկիր բուժման նպատակով:

Որպես վերջաբան էլ հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց Մխիթար Գոշի մեդալով Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ