30 08 2021

Խաչատուր Սուքիասյանի ո՞ր ծառայության շնորհիվ է եղբայրը բանտից հիվանդանոց տեղափոխվել

Խաչատուր Սուքիասյանի ո՞ր ծառայության շնորհիվ է եղբայրը բանտից հիվանդանոց տեղափոխվել

Ազգային ժողովի նախորդ շաբաթվա նիստում՝ կառավարության ծրագրի քննարկման շրջանակներում, երկու անգամ իրեն դրսևորեց օլիգարխ համարվող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Նախ բեմից ելույթ ունեցավ՝ նշելով, թե Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի համար, հետո էլ լրագրողների հետ ճեպազրույց կազմակերպեց՝ դարձյալ նույն միտքը շարադրելու համար։ Ինչո՞ւ․ հետաքրքրեց շատերին։ Մանավանդ որ Խաչատուր Սուքիասյանի հետաքրքրությունների, այսինքն՝ բիզնես և տնտեսական շրջանակից դուրս էր Վազգեն Սարգսյանի թեման։

Պարզվում է, սակայն, որ այդ ելույթ-քննադատությունը ունի շատ կոնկրետ պատճառներ։ Այդ ելույթից մեկ օր անց Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտը, բանտից տեղափոխվել է հիվանդանոց և կարելի է ասել, արդեն մարդկային պայմաններում է ապրում։

Հիշեցնենք, որ Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց այն բանից հետո, երբ խուլիգանության հատկանիշներով արարքով հանդես եկավ Երևանի կենտրոնում։ Ամիրյան փողոցում՝ ԱԱԾ շենքի դիմաց, հարցեր էր պարզել՝ ատրճանակը ձեռքին։ Ըստ ՀՔԾ-ի․ «հուլիսի 18-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում վերոնշյալ ծանոթի և մի խումբ անձանց հետ վիճաբանել է Նարեկ Կարապետյանի և նրա ընկերոջ հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ նշված անձինք հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց: Այդ ընթացքում Ռոբերտ Սուքիասյանն, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, նախ գլխով, ապա՝ բռունցքով, հարվածել է Նարեկ Կարապետյանի դեմքին, որից հետո հանել ու ցուցադրաբար լիցքավորել է օրինական հիմունքներով իրեն պատկանող «BROWNING» տեսակի 9x17 տրամաչափի մարտական ատրճանակը, ապա՝ շարունակելով խուլիգանական գործողությունները՝ նշված ատրճանակից 2 կրակոց է արձակել վերջինիս ոտքերի ուղղությամբ՝ գետնին՝ շրջապատում գտնվող անձանց մոտ առաջացնելով վախի մթնոլորտ:

Այնուհետև, ըստ Կոմիտեի, Ռոբերտ Սուքիասյանը նույն ատրճանակով կրակոց է արձակել նաև Նարեկ Կարապետյանի ընկերոջ ուղղությամբ՝ պատճառելով աջ սրունքոսկրի հրազենային վնասվածք և հեռացել:

Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով»։

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը թեև հայտարարեց, որ դատապարտում է նման գործելաոճտը, սակայն հասկանալի է, որ չէր կարող եղբոր նկատմամբ այդպես «անսիրտ» գտնվել։

Ինչո՞ւ Վազգեն Սարգսյանը։

Հայտնի է, որ Վազգեն Սարգսյանին ատում է Նիկոլ Փաշինյանը․ պատճառների մասին մի քանի հրապարակումներ են եղել, և նրան անվանարկելով՝ Խաչատուր Սուքիասյանը, ըստ էության, ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին, բացելով «Օվերտոնի պատուհանը» որ ԱԺ ամբիոնից այլևս քննադատում են Ազգային հերոսի։ Նիկոլ Փաշինյանը շատ հաշվենկատ է անգամ թիմակիցների նկատմամբ, այսինչ բա՞նն ես ուզում, մի բան պետք է անես փոխարենը։ Դրա համար էլ, ամենայն հավանականությամբ, Սուքիասյան Խաչատուրն «անցավ» Վազգեն Սարգսյանի հիշատակի վրայով։  

Հավանաբար՝ հենց այդ պատճառով էլ ողջ և առողջ Ռոբերտ Սուքիասյանը բանտից տեղափոխվեց Էրեբունի բժշկական կենտրոն, մինչև խափանման միջոցի փոփոխությունը կամ էլ, գուցե, գործի կարճումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ