«Հանձնաժողովը եթե ստեղծվեր, առաջինը ես կողջունեի, ես ինչպե՞ս կարող էի ասել, որ ավելորդություն է կամ պետք չի․ ասել եմ, որ 107-ով արդեն հանձնաժողովի անդամներ եք, եթե բոլորն էլ ակտիվ լինեն, Արցախի հարցը միշտ տաք կմնա ՀՀ խորհրդարանում»: Այս մասին Yerevan.Today-ի հետ հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
«Ինչպես ՀՀ Ազգային ժողովը լիազորված չէ որոշելու, թե քանի հանձնաժողով պետք է ունենա Արցախի խորհրդարանը, այնպես էլ մենք իրավասու չենք ասել, թե քանի հանձնաժողով պետք է ունենա ՀՀ Ազգային ժողովը, նորից եմ կրկնում, որ ես առաջինն էի ողջունելու և շնորհավորելու այդ հանգամանքը, եթե չի ստեղծվել այդ հանձնաժողովը, ես պարոն Սիմոյանին ասել եմ, որ 107 էլ այդ հանձնաժողովի անդամներն ենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջարկել էին ձևավորել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, սակայն ՔՊ-ն ձեռնպահ էր քվեարկել նախագծին՝ տապալելով հանձնաժողովի ստեղծումը: Այնուհետև տեղի էր ունեցել ՀՀ և Արցախի ԱԺ նախագահների հանդիպումը, որի ժամանակ անդրադարձ էր եղել նաև այս հանձնաժողովի ստեղծմանը:
Ըստ մամուլի՝ Ալեն Սիմոնյանը մեջբերել էր Արթուր Թովմասյանի խոսքերը, թե՝ հանձնաժողովի ստեղծումով չէ, որ կարևորվելու էին Արցախի խնդիրները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը