27 08 2021

Ադրբեջանցիները խրամատներ են փորել Գորիս-Կապան ճանապարհի մոտ. Sputnik Արմենիա

Ադրբեջանցիները խրամատներ են փորել Գորիս-Կապան ճանապարհի մոտ. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիան գրում է, որ կայքի թղթակիցը գտնվում է սահմանամերձ Որոտան գյուղում, որի բնակիչներն այս օրերին հայտնվել են կիսաշրջափակման մեջ:

Ադրբեջանցի զինծառայողները փորել են Հայաստանի հարավում գտնվող Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հատվածներ: Այս մասին Սյունիքում Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեցին Հայաստանի սահմանամերձ Որոտան գյուղի բնակիչները:

Նրանց խոսքով ՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանցի զինվորները խրամատներ են փորել իրենց վերահսկողության տակ գտնվող Գորիս-Որոտան հատվածի երկու կողմերում, և այնտեղ, որտեղ փորվածքներ են հայտնվել, վրանների ու կառույցների թիվն ավելացել է:

Բացի այդ, ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանցիները զինուժ են կուտակում (վերջերս` արագացված) գյուղից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Որոտանի բնակիչները դժգոհեցին, որ զենք չունեն՝ ինքնապաշտպանվելու համար. գյուղացիները վախենում են հակառակորդի դիվերսիաներից: Նրանք չեն բացառում, որ ադրբեջանցիները փակել են ճանապարհը, որպեսզի գյուղացիները հեռանան այդտեղից, ինչից հետո կգրավեն գյուղը:

Բացի այդ, գյուղացիների մի զգալի մասն աշխատում է քաղաքներում, որի հետ կապող ճանապարհներն այժմ փակ են: Իսկ դպրոցում ուսուցիչների մեծ մասը գալիս է Գորիսից, և եթե ճանապարհի հետ կապված իրավիճակը չլուծվի մինչև ուսումնական տարվա մեկնարկը, գյուղի դպրոցը կմնա առանց ուսուցիչների:

Օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։

Տեղում են հայ և ռուս սահմանապահները, ընթանում են բանակցություններ։


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ