Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» նախաձեռնության համահիմնադիր Էդգար Էլբակյանը Թելագրամի իր ալիքում գրում է.
«Թշնամական Ադրբեջանի ղեկավար Ի. Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել թուրքական իշխանական CNN Тürk, որում առկա էին բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրադրության վերաբերյալ։ Ստորև առանձնացնեմ դրանցից ընդամենը մի քանիսը։
◾ Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը (ուղիղ մեջբերում). «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։ Սա կարևոր ամրագրում է, որը կարող են օգտագործել մեր դիվանագետները։
◾ Ադրբեջանն այս պահին Հայաստանին առաջարկել է կնքել «Խաղաղության պայմանագիր», որի դիմաց պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այո, տարածաշրջանում կլինի երկարատև խաղաղություն։ ...Այս պահին դա անելու համար սեղանին են դրված կոնկրետ առաջարկներ»։ Այստեղ անհրաժեշտ է «առաջարկ» բառը կարդալ որպես «պահանջ» և ըստ այդմ կարելի է վստահ պնդել, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում կնքվի որևէ պայմանագիր, ապա դա կնշանակի, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը վերջնականապես հրաժարվել է Արցախից՝ այն ճանաչելով Ադրբեջանի ամբողջականության մի մասը։
◾ Ադրբեջանի (այսինքն՝ նաև Թուրքիայի) և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են սրվել։ Սա արդեն իսկ երևում էր իրական դաշտում վերջին օրերին, իսկ Ալիևի հարցազրույցում՝ ՌԴ-ին ուղղված քողարկված կշտամբանքներն ու զգուշացումները ևս մեկ անգամ վերահաստատում են այս միտումը։
◾ Հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Ակնհայտ է, որ այս պահին մեր թշնամիները չեն ստացել այն, ինչ հանդիսանում էր Թուրքիայի կողմից այս պատերազմին մասնակցելու գլխավոր նպատակներից մեկը՝ Սյունիքը կտրել հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհով (թե՛ ավտո, թե՛ երկաթուղի, որի մասին ուղիղ հայտարարեց Ալիևը հարցազրույցում) և ուղիղ կապ ապահովել Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա միջանցքով։
Հարցազրույցից պարզ է դառնում, որ միջանցքին և տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացմանը դեմ է նաև Վրաստանը։ Սա հասկանալով՝ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ միջանցքի նախագծի շահառու դառնան այլ ուժեր ևս։
Որպես գլխավոր հետևություն. Հայաստանը միանշանակ հնարավորություն ունի վիժեցնելու միջանցքի գաղափարը իր դաշնակիցների հետ միասին։ Միջանցքի բացումը վերջնականապես ավարտելու է մեր պատմությունը՝ բացառելով անվտանգ հայկական պետություն ունենալու արդեն որևէ հնարավորություն։
Ուստի անհրաժեշտ է գիտակցել այս ամենը և ապա քրտնաջան աշխատանք սկսել։ Վստահ եմ, որ մեր թշնամիները ոչինչ չեն խնայելու՝ միջանցքը ստանալու համար։ Ուստի պետք է պատրաստվել դիմադրության, այլ ոչ թե «տարածաշրջանում երկարատև խաղաղության», որը չկա և չի էլ կարող լինել։
Ցավոք, այս պահին այսպիսի բարդ խնդիրները լուծելու են կոչված ոչ թե Հայաստանի լավագույն կարող կադրերը, այլև Հայաստանի պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ ու ոչ հայկական իշխանությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը