Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը այսօր լրագրողների հետ բրիֆինգին հայտնեց, որ իր առաջին անելիքը լինելու է ինտենսիվ քննարկումներ և հանդիպումներ՝ ՀԿ-ների , ԲԴԽ-իանդամների, պետական մարմինների հետ, այդ թվում՝ ԱԱԾ, Քննչական կոմիտեի հետ:
«Վեթինգի համար ինձ նախորդած նախարար Ռուստամ Բադասյանը լավագույնս օրենսդարական դաշտ է ապահովել, և ես կշարունակեմ իրականացնել արդեն իսկ սկսած գործընթացը:
Կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները և համակարգի այլ մարդիկ պետք է դուրս մղվեն, զտվեն համակարգից, սա միանշանակ է ինձ և կառավարության համար»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած դատավորների վեթինգին՝ նախարարը նշեց, որ բոլոր խոստումներն իրականացման ճանապարհին են։
«Վեթինգն արդեն իսկ սկսված է, դուք կարող եք տեսնել, որ արդեն իսկ կան համակարգից դուրս մղված դատավորներ»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, 2019թ.–ի մարտի 18-ին որոշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել
Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը` վեթինգ իրականացնելով։
Բայց դատավորների վեթինգն այդպես էլ մինչև հիմա չի իրականացվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը