02 08 2021

Ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ Թուրքիայի հետ սահմանները բացելու շուրջ․ Արման Աբովյան

Ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ Թուրքիայի հետ սահմանները բացելու շուրջ․ Արման Աբովյան

Իմ վերջին հարցումը պատգամավորի կարգավիճակում, պայմանավորված է շատ կարևոր, բայց քիչ հնչեցվող մի գործընթացով, որի մասին կարծես թե չի խոսվում, բայց որը, ըստ էության, կարծես թե գտնվում է ներկայիս իշխանության գործողությունների և նպատակների տրամաբանության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

 

«Թուրքիա․․.

Փաշինյանական իշխանությունները, երբ խոսում են այսպես կոչված «կոմունիկացիաների բացման» մասին, հիմնականում անդրադառնում են Ադրբեջանի հետ լոգիստիկ ուղիների բացմանը (որը, ըստ իս, իրականում կործանարար հետևանքներ կունենա երկրի տարածքային ամբողջականության և ռազմա֊տնտեսական անվտանգության վրա)։

Սակայն համոզված եմ, որ իշխանությունները նաև ակտիվ աշխատում են՝ Թուրքիայի հետ սահմանի բացման հարցերով և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։

Այս համատեքստում հարկ եմ համարում հիշեցնել նախապայմաններից մեկի մասին, որը թուրքերը մշտապես առաջ են քաշել հայկական կողմի հետ բանակցելիս։

Խոսքը գնում է Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստի շուրջ թուրքերի սակարկումների մասին։ Հիշեցնեմ նաև, որ թուրքերի գերնպատակն է լղոզել Հայոց Ցեղասպանության փաստի ազդեցության մակարդակը միջազգային ճնշման առումով, ինչը հնարավոր է, եթե Հայաստանը հանկարծ համաձայնվի թուրքերի հետ ինչ-որ ֆորմատներով «պատմական ուսումնասիրությունների» պատրվակով համատեղ  հանձնաժողովներ ստեղծելու գաղափարին։

Դա անթույլատրելի և հակահայկական մի գործընթաց կլինի, որի հիմնական նպատակը կլինի ուղղակի դուրս մղել մեզ համար կարևորագույն քաղաքական հարցը միջազգային օրակարգից։

Այդ իսկ պատճառով՝ օրեր առաջ պաշտոնապես դիմել եմ կառավարությանը հասկանալու համար՝ ի՞նչ գործընթաց է հիմա տեղի ունենում վերը նշված հարցերի շուրջ։

Իմ կողմից կարող եմ հավաստիացնել, որ չնայած արդեն դադարել են իմ լիազորությունները որպես ԱԺ պատգամավոր,այնուամենայնիվ ես շատ ուշադիր և հետևողական կլինեմ այս և ուրիշ կարևորագույն հարցերի շուրջ ընթացող գործընթացների նկատմամբ։

Տեսնենք՝ ի՞նչ պատասխան կստանանք»,- գրել է Աբովյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ