Yerevan.Today-ը զրուցել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ․
-Պարոն Աբրահամյան, 44-օրյա պատերազմը տանուլ տված իշխանությունը քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին է հայտարարել, սրանով ի՞նչ խնդիր է ուզում լուծել իշխանությունը։
-Պետք է հասկանալ , որ իշխանությունը սրանով 2 հիմնական խնդիր ունի․ առաջինը՝ փորձում է փակել 44-օրյա պատերազմի՝ մեզ համար բավականին ամոթալի պարտության էջը։ Բնականաբար այս ճանապարհին նա ամեն ինչ անելու է, որպեսզի թիրախավորի այն մարդկանց, որոնց վրա կարող է բարդել պատերազմի մեղքը և փորձի քաղաքական իշխանությանը դուրս թողնել հիմնական պատասխանատուների և մեղավորների շարքից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովում իշխանությունն ունենալու է մեծամասնություն (տրամաբանությունն է այդպիսին, ամրագրված է նաև ԱԺ կանոնակարգով), հասկանալի է, որ զեկույցի կազմման աշխատանքների հիմնական մասը լինելու է գաղտնիության ռեժիմով, հետագայում զեկույցը կարող է կազմվել, բայց՝ չհրապարակվել, հրապարակվել միայն խորհրդարանում․ այս տեսանկյունից իշխանության ձգտումներն արդեն իսկ պարզ են։
Երկրորդ ուղղությունը՝ թիրախավորել բոլոր այն ռազմական, չի բացառվում նաև՝ քաղաքական գործիչներին, որոնք հանդես են գալիս այս իշխանության դեմ կամ հանդես են գալիս այս իշխանությունների մոտեցումներից տարբերվող որոշմամբ և ամբողջ մեղքը բարդել նրանց վրա։ Այս ընթացքում մենք արդեն տեսել ենք տարբեր մեդիաարշավներ՝ տարբեր դեմքերի ուղղությամբ, լսել ենք, թե ինչպես են իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց խոսքում ուղղակի կամ՝ անուղղակի բարդում պարտության բեռը մարդկանց վրա։ Այս իրվաիճակում արդեն ակնհայտ է, որ կան ընտրված թիրախներ, և իշխանությունն այս ընթացքում փորձելու է նրանց խաղից վերջնականապես հանել․ դա կլինի քաղաքական գնահատականներով, մեդիաարշավներով թե հետագայում կլինի իրավական գործընթացներով (չի բացառվում, որ երեքն էլ լինի), բայց արդեն ակնհայտ է, որ կան կոնկրետ թիրախներ, որոնց քննիչ ահնձնաժողովի միջոցով փորձելու են ևս մեկ անգամ ընդգծել և ներկայացնել հանրությանը։
-Պատերազմի առիթով գլխավոր դատախազին ներկայացվել է դավաճանության մասին 6 հանցագործության հաղորդում, որոնցից ոչ մեկով քրեական գործ չի հարուցվել․ այս օրինակով, կարելի՞ է ենթադրել, որ այդ հանձնաժողովը, իշխանության մեղավորությանն առերեսվելիս, փորձելու է ծածկադմփոցներ անել։
- Ինչու պարզ չի՞, որ այդպես է լինելու, պատերազմի առաջին օրերից Արցախում էլ, Հայաստանում էլ իշխանությունները փորձեցին լուրեր տարածել, որ տեսեք՝ դավաճաններ կան ու տպավորութուն ստեղծել, թե մենք բոլորս մեր դավաճանության զոհն ենք ․ բայց արդեն 9 ամիս անցել է լուրջ դեպքեր չկան բացահայտված և, բնակաաբար, իշխանությունը ողջ ռեսուրսն օգտագործելու է՝ իրեն պատասխանատվությունից դուրս բերելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը