ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ չնայած դիմադրությանը` վերջին 1-2 տարվա ընթացքում դատական համակարգի նկատմամբ ճնշումները մեծանում են։
ԱԱԾ-ն օր առաջ պետք է վերադարձնի Վերաքննիչ քրեական դատարանից առգրաված համակարգիչները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, փաստաբան Արա Ղազարյանը։
«Ընդհանրապես համակարգիչ առգրավելն արդեն իսկ խնդիր է։ Հնարավորինս պետք է զերծ մնալ նման գործողություններից, այլ միջոցներ ձեռնարկել, ոչ թե գալ, համակարգիչը վարդակից անջատել, ամբողջությամբ վերցնել, տանել»,- ասել է նա։
Ղազարյանի խոսքով` քրեական դատավարության մեջ գորյություն ունի համարժեքության սկզբունք. եթե կարելի է այլ միջոցներով իմֆորմացիա ստանալ, պետք է առաջին հերթին դա անել, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է իշխանությունների տարանջատման սկզբունքին։
«Գործադիրը չպետք է տրվի գայթակղությանը, որ ինքն ուժ ունի, իսկ դատական համակարգը չունի ուժ։ Ինֆորմացիայի համար ԱԱԾ-ն կարող է դիմել եւ այդ իմֆորմացիան ստանալ։ Անհամարժեք կոշտ միջոց է սա`ուղղակի մտնել համակարգիչներ վերցնել, տանելը։ Դրա համար կարելի էր դիմել դատական համակարգին, խնդրել տեղեկություններ տրամադրել, ասենք` ԲԴԽ-ի միջոցով»,- նշել է նա։
Ղազարյանն ասում է`դատական գործերը, կալանավորումների բողոքարկման դիմումները ոչ համակարգչային համակարգով մակագրելու մեխանիզմը կիրառելի է, սակայն դատարաններում համակարգչային տեխնիկայով մակագրումների պրակտիկան ներդրվել է, որ մակագրումներն արվեն ըստ գործերի հաջորդականության, եւ ոչ թե կոնկրետ գործով կոնկրետ դատավոր «ընտրեն»։
Փաստաբանի կարծիքով`այստեղ բախվում են դատարանի անաչառության, անկողմնակալության խնդրի հետ։
Նրա համոզմամբ` 2004 թվականից սկսած, երբ դատական համակարգն առանձնացվեց արդարադատության նախարարությունից, դատարաններն սկսեցին անկախանալ եւ չենթարկվել գործադիրի ճնշումներին։ Նրա խոսքով` չնայած դիմադրությանը` վերջին 1-2 տարիներին ճնշումներն էլ դատական համակարգի նկատմամբ մեծանում են։
Հիշեցնենք` հուլիսի 22-ին տեղեկություն տարածվեց, որ ներազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Վերաքննիչ քրեական դատարանի շենք եւ մի քանի համակարգիչներ առգրավել։
Պատճառը, ըստ տեղեկությունների, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն է, որը վերաբերում է դատական գործերի մակագրմանը: Ստացված տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցներն առգրավել են նաեւ համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում էին դատավորներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը