07 07 2021

Սերժ Սարգսյանի հոդվածը հատկապես ծանր են տարել իշխանական կապիտուլյանտի քարոզիչները. Արմեն Աշոտյան

Սերժ Սարգսյանի հոդվածը հատկապես ծանր են տարել իշխանական կապիտուլյանտի քարոզիչները. Արմեն Աշոտյան

Արցախի հարցով Կազանի հայտնի գագաթաժողովի 10-ամյակի կապակցությամբ հրապարակված Սերժ Սարգսյանի ծրագրային հոդվածը, ինչպես եւ սպասվում էր, լուրջ քաղաքական եւ քաղաքագիտական քննարկումների նյութ է դարձել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով իր գրառումը վերնագրել է «Կարեւորը՝ պասերով»:

«Արցախի հարցով Կազանի հայտնի գագաթաժողովի 10-ամյակի կապակցությամբ հրապարակված Սերժ Սարգսյանի ծրագրային հոդվածը, ինչպես եւ սպասվում էր, լուրջ քաղաքական եւ քաղաքագիտական քննարկումների նյութ է դարձել:

Տվյալ հոդվածով նախագահ Սարգսյանը ոչ միայն բյուրեղացրեց բուն Կազանյան գործընթացի էությունը, ոչ միայն մի շարք կարեւոր նրբություններ բացահայտեց, այլեւ հստակ բանաձեւեց 2008-2018 թվականների բանակցային տրամաբանությունն ու մեր թողած ժառանգությունը.

1. Արցախի հարցը նախեւառաջ կարգավիճակի հարց է:

2. Մենք պատրաստ էինք փոխզիջումներով լուծել այն:

3. Միջազգային հանրությունն, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի, սատարաում էր Հայաստանին:

4. Ադրբեջանի ռազմական ագրեսիաները ոչ միայն չէին փոխում ստատուս քվոն, այլեւ շնորհիվ մեր բանակի պատասխան հարվածների արդյունքում ուժեղացնում էին Հայաստանի դիրքերը բանակցային սեղանի շուրջ:

Ինչպես եւ կանխատեսում էի, հոդվածը հատկապես ծանր են տարել իշխանական կապիտուլյանտի քարոզիչները, որոնց ուշքն ու միտքը բովանդակային ու փաստարկված քննարկումներից խուսափելն է:

Սա է պատճառը, որ իրենց կողմից շրջանառվող թեզերի որակը պլինտուսի մակարդակի է:

Նախ, կրկին ապարդյուն փորձում են կռվացնել երկրորդ եւ երրորդ նախագահներին, ինչը հերթական զավեշտն է, հատկապես Արցախյան հարցով, քանզի նորմալ քաղաքական առաջնորդության դեպքում բանակցային գործընթացի էվոլյուցիան անխուսափելի է: Պատկերավոր ասած, բանակցային ժառանգության երրորդ հարկը կարելի էր կառուցել միայն մինչ այդ կառուցած հարկերի վրա:

Մյուս ուղղությամբ փորձում են շահարկել նախագահ Սարգսյանի այն թեզը, որ Արցախի հարցը լուծված չէ եւ չի կարելի համակեպրվել ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների հետ: Սա նույնքան զավեշատալի ու ավելի անբարոյական քննադատություն է, քանզի իր վերջնարդյունքում ենթադրում է, որ Հայաստանը պիտի ձեռքերը վերջնականապես լվա Արցախից:

Ականջներիդ օղ արեք:

Կապիտուլյանտը, ով քարուքանդ արեց մինչ այդ եղած ողջ բանակցային ժառանգությունը եւ մեր երկրի գլխին ողբերգական պատերազմ բերեց, իր արյունոտ ձեռքերը Արցախից իրոք փորձում է լվալ:

Սակայն իսկական հայն ու հայկական իրական քաղաքական էլիտան՝ երբեք»,- գրել է նա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ