Ադրբեջանում մեր գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական պրոցեսի արհեստական արդյունք: Նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով` «Հայկական տեռորիստներ» կամ նման վերնագրերով: Ակնհայտ է, որ դա հատուկ է արվում ու կրում է կազմակերպված բնույթ։ Ադրբեջանական սոցիալական ցանցերն էլ լցվում են ատելությամբ «քննարկումներով», գերիներին տանջելու, սպանելու կոչերով (ապացույցները փաստագրված են):
Ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ:
Մշտադիտարկումը ցույց է տալիս, որ իրականում տեղի են ունենում քաղաքական սակարկություններ ու մարդկանց առեւտուր. օրինակ՝ այս փաստը հաստատող անհերքելի ապացույց՝ Ադրբեջանի նախագահի եւ Թուրքիայի առաջին տիկնոջ միջեւ խոսակցության տեսանյութը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին գերիների եւ անհայտ կորածների ընտանիքներից շարունակաբար ուղղվող բողոքներն ու ահազանգերն ակնհայտ վկայում են, որ դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում, ավելի ցավալի են դարձնում մարդկանց ապրումները:
Ցանկացած, այսպես կոչված, դատավարություն ի սկզբանե կեղծիք է, միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ ստեղծված շղարշ, իսկ գերիներին կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնեւի 1949թ. երրորդ կոնվենցիան:
Առկա բոլոր փաստերը եւ ադրբեջանական իշխանությունների պահվածքն բացահայտ արհամարհանք է միջազգային ողջ հանրության նկատմամբ, խաթարում է տասնյակ տարիներով մշակված միջազգային մարդասիրական իրավունքի համակարգը:
Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որեւէ նախապայմանի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը