16 06 2021

Այս կործանարար վիճակը շտկելու պոտենցիալ ունի Ռոբերտ Քոչարյանը. հայտարարություն

Այս կործանարար վիճակը շտկելու պոտենցիալ ունի Ռոբերտ Քոչարյանը. հայտարարություն

Այս կործանարար վիճակը շտկելու պոտենցիալ ունի Արցախի առաջին նախագահ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով փորձառու է, հավասարակշիռ, արժանապատիվ եւ ճշմարտախոս: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության վարչությունը։

Ներկայացնում ենք ամբողջական հայտարարությունը.

 «2018թ. ՀՀ-ում տեղի ունեցած գունավոր հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժերը, անցած երեք տարիների ընթացքում, ծրագրավորված քանդեցին պետության կարեւորագույն հենասյուներ հանդիսացող բանակը եւ կրթական համակարգը, հեղինակազրկեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հարվածելով հասարակության ավանդական-բարոյական նորմերին, հանրության մեջ ներարկեցին գլոբալիստական սին արժեքներ՝ աղավաղելով ընտանեկան եւ ազգային արժեքները: 

Տապալեցին արտաքին քաղաքականությունը՝ վատթարացնելով հարաբերությունները ստրատեգիական դաշնակցի հետ: Համավարակի սխալ կառավարման ադյունքում հազարավոր մարդիկանց հասցրեցին մահվան: 

Ապիկարության եւ ապաշնորհության դրոշ պարզած իշխանությունը, որի տեսլականը, ըստ էության, հպարտությունն ու պարտությունն է, մեզ հասցրեցին 44-օրյա պատերազմի՝ իր կործանարար հետեւանքներով: Հազարավոր զոհեր եւ վիրավորներ, Արցախի 75 տոկոսի կորուստ եւ մշուշոտ ապագա: Պառակտում, ատելություն, հպարտություն եւ պարտություն, ահա այս իշխանության էությունը եւ ապագան:

2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, ՀԺԱՄ կուսակցությունը մեկն էր այն 17 կուսակցություններից, որոնք նախաձեռնեցին «Հայրենիքի փրկության շարժում» եւ պայքարեցին կապիտուլյանտին օր առաջ իշխանությունից հեռացնելու համար: Այդ պայքարի արդյունքում էր նաեւ, որ այսօր ՀՀ-ում արտահերթ ընտրություններ են ընթանում:

Այսօր ընթացող ընտրությունները ՀՀ անկախության 30 տարիների ընթացքում ամենակարեւորն ու արտառոցն են՝ արտառոց են այն առումով, որ թշնամին գտնվում է ՀՀ սահմաններից ներս, թուրքը մտել է մեր տուն, եւ այդ թուրքին մեր երկիր է հրավիրել ներկայիս ապաշնորհ իշխանությունը: Դա դեռ ամենը չէ. այս մարդիկ դեռ չեն իրականացրել իրենց հրեշավոր ծրագրի գլխավոր դրույթը՝ ՀՀ-ի կործանումը: Այսօր ՀՀ-ն վիրավոր է, բայց դեռ կանգուն է եւ մեր որոշումից է կախված՝ կբուժենք վիրավոր հայրենիքը՝ հեռացնելով ապաշնորհ իշխանություններին, թե կթողնենք, որ վերքն այրունահոսի եւ կորցնենք երկիրը:

Սիրելի՛ հայրենակիցներ, եկել է որոշում կայացնելու ժամանակը: Պարզ է, որ այս կործանարար վիճակը շտկելու պոտենցիալ ունի Արցախի առաջին նախագահ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով փորձառու է, հավասարակշիռ, արժանապատիվ եւ ճշմարտախոս: Մարդ, ով ունի ճգնաժամային կառավարման փորձ, ով հաղթել է թուրքին, ով ունի ստրատեգիական դաշնակցի եւ մյուս գործընկերների հետ հարաբերություններ կառուցելու փորձ եւ հմտություն: Համոզված ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրվելով վարչապետ կհամախմբի պրոֆեսիոնալ, ազդային դիմագիծ ունեցող կադրերի եւ համատեղ ուժերով մեր սահմաններից դուրս կքշենք թշնամուն, կվերադարձնենք մեր արժանապատվությունն ու անվտանգ ապագան, երկիրը դուրս կգա այս քաոսից եւ կունենանք արժանապատիվ խաղաղություն:

Հաշվի առնելով վերը նշվածը, նաեւ այն, որ ՀԺԱՄ կուսակցության կառույցներն արդեն իսկ ներգրավված են «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբերում՝ ՀԺԱՄ-ը իր համակիրներին կոչ է անում հունիսի 20-ին ակտիվ մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը տալ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ