Panoram.am-ը գրում է․ Արդյո՞ք շատ է փոխվել 2018-ին վարչապետի թեկնածու և 2021-ին վարչապետի թեկնածու հանդիսացող նույն անձի քարոզարշավային հռետորաբանությունը։ Եվ այո, և ոչ։ Նույնն են մնացել անվայելուչ բառապաշարը, ջղաձիգ խոսելաձևը, անվերջանալի դատարկաբանություններն ու հակապետական մտածողությունը։ Փոխվել է խոստումների բովանդակությունը։
Եթե 2018-ին ձեռքին տնտեսական ֆանտաստիկ թռիչք ապահովող աներևույթ կախարդական փայտիկ էր, ապա 2021-ին ձեռքին իսկական մուրճ է՝ «բոլորին իրենց տեղը ցույց տալու համար»։
Եթե 2018-ին խոստանում էր, որ վենդետաներ չեն լինելու, ապա 2021-ին բացահայտորեն հրահրում է բախումներ և հետընտրական վենդետաներ։
Եթե 2018-ին խոստանում էր, որ կադրային ջարդ չի լինելու, ապա 2021-ին սպառնում է վերացնել բոլոր էլիտաները՝ հոգևոր, գիտական, քաղաքական։
Եթե 2018-ին խոստանում էր կաթե գետեր և շաքարե ափեր, ապա 2021-ին՝ հունիսի 21-24-ը անցկացնելու է ընտրությունների արդյունքների հանրային քննարկում․․․ Դե, ինչպես 2008-ի ընտրություններից հետո կազմակերպեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչը հանգեցրեց մարտի 1-ին։
Մարդը բացահայտորեն զգուշացնում է իր բախումնային նպատակների մասին։ Եվ այս հոխորտանքներն ու սպառնալիքները լսում են իրավապահ մարմինները, ԿԸՀ-ն, եվրոպական դիտորդական առաքելությունները։ Լսում են և լռում են։ Ինչո՞ւ։
Ինչո՞վ է պայմանավորված պետականքանդին ամեն ինչ թույլ տալու դիքորոշումն այն դեպքում, երբ իրավապահները, անվտանգության աշխատակիցներն ու հոգեբույժները իրար ձեռքից պիտի խլեին իրենց բուն պացիենտին։ Միթե նրանք շարքային քաղաքացիներից լավ չգիտեն, որ այդ անձը տեղով մեկ քայլող պայթուցիկ է։
Իսկ եթե Նիկոլը նեղմտորեն կարծում է, թե մոռացել ենք մարտի 1-ի ողջ ընթացքը՝ էսկալացիայից մինչև բախումների հրահրում, ապա չարաչար սխալվում է։ Լավ ենք հիշում ընդամենը 13 տարի առաջվա այդ մեծ սադրանքը՝ կրկնությունը թույլ չտալու համար։ Չենք մոռացել նաև Նիկոլի բախումներ կազմակերպելու և ժամանակին թռնելու ունակությունը։ Հիմա էլ է դրան նախապատրաստվում՝ խժդժություններ սարքել ու փախչել։ Բայց ներկա հոգեխանգանգարմունքի մեջ չի գիտակցում, որ իր հանցանքերի ահռելի բեռը զրկում է իրեն աննկատ ճողոպրելու հնարավորությունից։
Իսկ ի՞նչ են անելու այսօրվա կույր ու խուլ ձևացող ուժայինները, եթե ԿԸՀ-ն հունիսի 21-ին ստիպված լինի հայտարարել ընդդիմության անվիճարկելի հաղթանակը։ Նո՞ր աչք ու ականջ են ստանալու, և վայրկենական փոխակերպման ենթարկվելով՝ դառնալու են հայրենիքին ծառայող «իսկական ոստիկան»։ Եվ ցրելու են ՔՊ-ական հավաքները նույն ջանադրությամբ, ինչպես որ Նիկոլի դեմ խոսողների թևերն էին ոլորում։
Նրանց ծանր բարոյական ռեաբիլիտացիա է սպասվում։ Հայաստանը փոքր երկիր է փոքրաքանակ բնակչությամբ։ Մի քիչ փորփրես՝ ծանոթ-բարեկամ կգտնվեն շատերի հետ․․․ հետո ո՞նց են իրար աչքերի մեջ նայելու։ Գուցե նախապե՞ս է պետք մեկուսացնել հրեշին, ում օրերն էսպես, թե էնպես հաշված են անգամ կեղծիքներով վերընտրվելու դեպքում։
Տեսնես «ընտրիր ինձ, որ մխեմ քեզ» խոստումով մուրճային քարոզարշավ ուրիշ որևէ տեղ եղե՞լ է։ Նախնադարյան բնազդներ են տիրել պատուհասիկին։ Սա այն դեպքերից է, երբ իրոք «չգիտես լաս, թե խնդաս»։ Ուրիշ երկրում լիներ՝ լավ էլ կխնդայինք, բայց ցավոք մենք ենք կրում այս հերթական խայտառակության խարանը, որի չափերն այն աստիճանի են հասել, որ արդեն «զուսպ» եվրոպացիներն են ստիպված արտահայտվում։
«Ներկայումս ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների բովանդակությունը և այդ հարցի վերաբերյալ արտահայտել է իր լուրջ մտահոգությունները, քանի որ այդ վարքագիծը խախտում է Հայաստանի կողմից Եվրոպայի Խորհրդի նկատմամբ ստանձնած պարտավորությունները»։
Ինչպե՞ս հասանք այս օրվան, որտեղի՞ց այսքան հանդուրժողականություն կեղտի և դավաճանության նկատմամբ, ո՞ւր կորան մեր բանականությունը, արժանապատվությունն ու պատվախնդրությունը, որ երեք տարի երկիրը հետևողականորեն քանդող թիմը ևս մեկ շանսի ախորժակ ունի։
Երեք տարի առաջ շատերին նիկոլյան ճամարտակություններն էկզոտիկ էին թվում, և ամեն ինչ մակերեսայնորեն ընկալելու հետևանքով մարդիկ չէին նկատում կամ չնկատելու էին տալիս ասվածի և արվածի հսկայական տարբերությունը։ Արդյունքում առանց խոչընդոտների տեղադրվեցին ազգակործան բազում ականներ, որոնք հերթով պայթեցին այս երեք տարիների ընթացքում։ Եվ այսօր ունենք գործած հանցանքների ահռելի բեռը շալակին և մուրճը ձեռքին քարոզարշավ անցկացնող մի պատուհաս։
Գժվել կարելի էր, եթե չլիներ սթափության և խոհեմության պետականամետ հակակշիռ՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի։ Մարդիկ ուզում են լսել, որ Հայաստանում ամեն ինչ դեռ կորած չէ, որ հնարավոր է վերականգնել երեք տարում քանդածը, որ կվերանա հասարակության պառակտվածությունը, որ սահմանները կրկին անառիկ կլինեն և անվտանգ կապրենք աշխարհի ամենալավ երկրում։ Դաշինքի առաջնորդները հավաստիացնում են, որ հնարավոր է։
Պրոֆեսիոնալ թիմը, ցանկացած հարցին գրագետ մոտեցումը, և կարևորը՝ պետության շահի գերադասումը հավատ են ներշնչում։ Դրա վկայությունը «Հայաստան» դաշինքի հավաքների մարդաշատությունն է և դրանցում տիրող փոխադարձ հարգանքը։
Մնում է միայն, որ մարդիկ գնան ընտրության, ընտրեն պետության փրկության և զարգացման ճանապարհը՝ վերջ դնելով մուրճային գժություններին։
Լիա Իվանյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը