«Երբ երիտասարդը, գործարարը կամ հայտնի վիրաբույժը, ովքեր կյանքում երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել, այսօր հանրահավաքներում են խոսում, նշանակում է, որ մարդկանց մոտ կա տագնապի զգացում, տագնապ, որ մենք կորցնում ենք մեր հայրենիքը, որ այս իշխանությունն ի վիճակի չէ ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Սա իսկապես իրավիճակի փոփոխություն է»,- Եղեգնաձորի ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Սա սովորական ընտրություն չէ, որովհետև սովորական ընտրությունների ժամանակ նման մարդիկ մնում են քաղաքականությունից դուրս, ասում են, որ դա նրանց չի հետաքրքրում, մեկն իր բիզնեսով է զբաղվում, մյուսը՝ վիրահատություններով։ Բայց սրա մեջ կա մեծ սիմվոլիզմ։ Սա նշանակում է, որ այսօր այս տագնապը և նրա աղբյուրը հեռացնելու համար պատրաստ են միավորվել նույնիսկ մարդիկ, որոնք պատրաստ չէին դա անել մեկ-երկու տարի առաջ», - հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։
Նա ավելացրեց, որ իր թիմը գալիս է ապագա կառուցելու համար․ «Մենք տեսնում ենք այդ ապագան և մեր ամբողջ քարոզարշավը մենք կառուցում ենք լավատեսության վրա։ Միայն լավատես և ապագայի նկատմամբ հույս ու հավատ ունեցող ժողովուրդն է կարող ստեղծագործ աշխատանքով երկիրն առաջ տանել։ Հիմա յուրաքանչյուրդ պատասխանատու եք երկրի ապագայի համար։
Կրելո՛ւ ենք, այո՛, կրելու ենք։ Այդ հաղթանակը մերը չի լինելու, այդ հաղթանակը ձերն է լինելու», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը