Այս դավաճանին ձայն տալով դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը, թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը: Այս մասին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։
«Արդեն 27 օր է մեր ինքնիշխան տարածքում են գտնվում թշնամական զորամիավորումները: Ամեն օր հովիվներ ու զինվորներ են գերեվարվելու, թշնամին նոր գյուղեր ու ավաններ է գրավելու: Ձեզ չեն հարգելու ոչ դրսում, ոչ ներսում, անարգելու են: Մենք դառնալու ենք իզգոյ պետություն ու նաեւ իհարկե, իզգոյ ժողովուրդ, որի հետ ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել:
Դիմում եմ նաեւ մեր այն հայրենակիցներին, որոնք հիասթափված են ու անտարբեր: Հայեր, իմ սիրելի հայեր, դուրս եկեք այդ անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից: Կոչ եմ անում մեր բոլոր համակիրներին, օգտագործեք այս քարոզարշավը դեռեւս նիկոլիզմով ախտահարված բարեկամների, ընկերների հետ զրուցելու, նրանց հարցերին պատասխանելու համար:
Օգնեք նրանց, նրանք ձեր քույրեն ու եղբայրներն են, եղեք համբերատար ու անկեղծ: Մենք մեր հերոս նահատակներին իրենց առողջությունը հայրենիքի զոհասեղանին դրած զինվորներին, սպաներին ու նրանց սերունդներին հաղթանակած ու հզոր հայրենիք ենք պարտք: Իսկ պարտք փակելը նորմալ մարդու համար արժանապատվության հարց է: Պատվի հարց է, իսկ մենք պատիվ ունենք: Աստված զորավիգ բոլորիս»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը