Պետք է ամեն ինչ անել Սփյուռքը Հայաստանին հնարավորինս ավելի մոտեցնելու համար, որովհետև Հայաստանը Սփյուռքով, և Հայաստանն առանց Սփյուռքի՝ բոլորովին տարբեր քաշային կատեգորիաներ են։ Այս մասին Տավուշի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեծ սխալ էր այն, որ առաջին Սահմանադրությունն արգելում էր երկքաղաքացիությունը։ Կարծում եմ, դա եղել է առաջին նախագահի և ՀՅԴ-ի միջև լարված հարաբերությունների պատճառով։ Ըստ էության, այդ հարաբերությունները ֆունդամենտալ վատ ազդեցություն են ունեցել այդ գործոնի վրա։ Անձնական հարաբերությունները չպետք է ազդեն ինստիտուցիոնալ երևույթների վրա։ Դրանից հետո, 2005 թվականին մենք հանեցինք այդ արգելքը և առաջ տարանք հայաստանակենտրոն կազմակերպությունների թեզը։
Մենք Սփյուռքից մասնագետներ էինք հրավիրում, համահայկական միջոցառումներ էինք կազմակերպում, մեր կողմից էլ լեզվի և պատմության դասավանդման հարցերն էինք լուծում Սփյուռքում»,- ասաց Երկրորդ նախագահը։
Իր հերթին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ավելացրեց, որ ներկայիս իշխանությունը նույնիսկ չի պատկերացրել՝ ինչ է Սփյուռքը և հայտարարել է, որ Սփյուռքի ավանդական կազմակերպությունների կարիքը չունի։ Պետք է վերացնել այդ սահմանափակումները և արդյունավետ օգտագործել հայության ողջ ռեսուրսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը