31 05 2021

Վերջին երեք տարվա ընթացքում քանդածը պետք է վերականգնենք․ Ռոբերտ Քոչարյան



Հատված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպումից․

«Հայրենասիրություն դաստիարակելը միայն ընտանիքի գործառույթը չէ։ Յուրքանչյուրս ունենք մեծ հայրենիք ու փոքր հայրենիք։ Փոքր հայրենիքը՝ ամեն մեկիս տունն է, գյուղը, հարազատների միջավայրը։ Մեծ հայրենիքը՝ երկիրն է իր սահմաններով։ Եթե քեզ համար աշխարհի կենտրոնը քո փոքր հայրենիքն է, ապա մեծ հայրենիքը հաստատ կորցնելու ես։ Փոքր ու մեծ հայրենիքի ճիշտ համադրությունը պետք է լինի, մեկը մյուսի շարունակությունն է։ Ցավոք, վերջին մի քանի տարվա ընթացքում մեզ մոտ մեծ հայրենիքի գաղափարը դրվել է մեծ կասկածի տակ։ Սկսել են հետևողականորեն քայքայել պետական ինստիտուտները։ «Քյարթու» մարդն է դարձել հայրենասեր։ Եթե ինչ-որ լեզու գիտես կամ մի փոքր եվրոպամետ ես, ուրեմն ժամանակակից չես։ Չափազանց վտանգավոր մոտեցումներ են սկսել կիրառել։ Բայց հենց հայրենասերն է ժամանակակից մարդ։ Մենք մեծ Սփյուռք ունենք, սա արտագաղթի համար արդեն պատրաստի մեծ ենթակառուցվածք է։ Եթե մարդու վերաբերմունքը մեծ հայրենիքի նկատմամբ թուլանում է, ապա նա արտագաղթելու պատրաստ քաղաքացի է, իր ինքնագիտակցության մեջ քաղաքացիության գործոնը չափազանց փոքրանում է։ Հայրենասիրությունը չես կարող միայն մեկ կուսակցությամբ ներարկել։ Այս իմաստով ՀՅԴ-ն շատ մեծ աշխատանք է տանում։ Բայց սա պետք է լինի պետության գործառույթը և պետք է անել մանկապարտեզներից, դպրոցներից, բուհերից։ Վերջին երեք տարվա ընթացքում քանդածը պետք է վերականգնենք։ Փոխվել է նաև եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։ Կարևոր է նաև պետության առաջին դեմքերի կեցվածքն այս հարցում»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արարատի մարզի քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ