29 05 2021

Սահմանային ճգնաժամի պայմաններում, այս իշխանությունը երկիրը երաշխավորված տապալման է տանում․ Տիգրան Աբրահամյան

Սահմանային ճգնաժամի պայմաններում, այս իշխանությունը երկիրը երաշխավորված տապալման է տանում․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ սա տարրական պատկերացումներ չունի հողի, հայրենիքի, զինվորականների առաքելության մասին, այլ այն, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել վերջին 3 տարիներին և ինչպես է փլուզել մեր պետականությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը:

«Վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հայկական զինուժը սահմանագծի գրեթե բոլոր ուղղություններում դիրքավորվել էր բոլոր այն տեղամասերում, որտեղ թշնամու, նրա ռազմական, քաղաքացիական ենթակառուցվածքների, թիկունքային շարժերի նկատմամբ վերահսկողություն կարելի էր ապահովել։

1994 թվականից ի վեր, Ադրբեջանի հետ անընդհատ դիրքային մարտեր էր՝ կարևոր բարձունքներ զբաղեցնելու և մարտավարական, ռազմավարական առավելություն ստանալու համար։

Գլխավոր նպատակը՝ թշնամու հետ ցանկացած գործընթացում զսպող, կանխարգելող, ըստ անհրաժեշտության՝ պատժիչ գործողությունների արդյունավետ պրոցեսի ապահովումն էր։

Ընդ որում՝ ասածս տարածվում է մարտական հերթապահության կրումից մինչև սահմանային լարվածություն, իրավիճակի սրումից՝ հնարավոր մարտական գործողություններ։

Այդ բարդ և չափազանց պատասխանատու մարտական խնդիրը կատարելիս մեր զինված ուժերը ծանր ճանապարհ են անցել, բառիս բուն իմաստով, խրամատավորվելով ժայռերում, սարերում՝ հաճախ նույնիսկ 3000 մետրից բարձր սարերում։

Փաշինյանի հայտարարությունը՝ «Էդ սարի ծերին, որ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր», խոսում է ոչ միայն մասին, որ սա տարրական պատկերացումներ չունի հողի, հայրենիքի, զինվորականների առաքելության մասին, այլ այն, թե ինչ սկզբունքներով է առաջնորդվել վերջին 3 տարիներին և ինչպես է փլուզել մեր պետականությունը։

Այսպիսի մտածելակերպ, արժեքային համակարգ կրող ղեկավարի պայմաններում մենք հաղթելու շանս չէինք էլ կարող ունենալ, բնականաբար, այսօր ծավալվող սահմանային ճգնաժամի պայմաններում, այս իշխանությունը երկիրը երաշխավորված տապալման է տանում։

Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ Արցախի հատվածում չի եղել մարտական դիրք, զորամաս՝ Արաքսից Գոմշասար (Գյամիշ), որտեղ ծառայության բնույթից ելնելով չեմ եղել, աշխատանքներ չեմ իրականացրել։

Այս տարիներին տեսել եմ, թե մեր զինծառայողները՝ սպաները, պայմանագրայինները, պարտադիր ժամկետային ծառայողները ինչպիսի նվիրվածությամբ, պատասխանատվությամբ և բարձր գիտակցությամբ են ծառայություն կրում առաջնագծի ամենածանր հատվածներում։

Այս ամենը չգիտակցողներն ու նրանց թիկունքում կանգնած ուժերը, նաև դիտմամբ այսպիսի քաղաքականություն վարողները, երկիրն այս ողբերգական կետին հասցրեցին ու շարունակում են արդարանալ։

ՀԳ. Լուսանկարում Գոմշասարն է (Արիության լեռը)՝ 3724 մետր, որը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածում։ Նրա գագաթներից մեկում ամուր պաշտպանական կառույցներ էին ստեղծել, հենակետ տեղակայել և թշնամու նկատմամբ հսկայական առավելություն ստացել ՊԲ ուժերը։ Իսկ թե ինչ ծանր, բարդ եղանակային պայմաններում են մերոնք դիրքավորվել և գերազանց մարտական խնդիր լուծել, շատերը գիտեն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ