ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջը գրում է.
«❗️ Ղարաքիլիսայի (Վանաձորի) ճակատամարտում 1918թ. մայիսյան այս օրերին հայոց նվիրյալ հերոսների առաջնորդությամբ կանգնեցվեց թուրք հրոսակի առաջխաղացումը:
Վանաձորի «Կոտրած եկեղեցի» կոչվող վայրում` միջնադարյան եկեղեցու ավերակների մոտ, այս օրը մշտապես ծաղիկներ են դրվում ի հիշատակ թշնամու դեմ կենաց-մահու պայքարում նահատակված հերոսների:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Վանաձորում է:
Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին:
Խաղաղություն տրվում է այն ազգերին, որոնք գիտեն արժանապատվորեն պայքարել դրա համար:
ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԿԱ՝ ⬇️
Թուրքական բանակի երրորդ մասի խնդիրն էր Լոռու վրայով շարժվել հյուսիս եւ գրավել Թիֆլիսը, որի նվաճումը հայությանը կհասցներ անուղղելի հետեւանքներ: Թիֆլիսում եւ շրջակայքում էր կենտրոնացած Անդրկովկասի հայության շուրջ կեսը, բացի այդ, Թիֆլիսում էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային միտքը:
Մայիսի 22-ին Կորպուսի սպայակույտը Դիլիջանում ժողով է հրավիրում եւ սկսում համոզել Նազարբեկյանին գնալ Ղարաքիլիսա ու հանձնվել թուրքերին: 4-րդ կորպուսի հրամանատար, կապիտան Գուրգեն Տեր- Մովսիսյանը հայտարարում է, որ ինքը հրաժարվում է ենթարկվել այդ հրամանին։
«Ես չեմ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանություն է։ Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արյուն ունի իր երակներում՝ թող իմ հետեւից գա»։
Նշվում է, որ ըմբոստացած կապիտանին է միանում պորուչիկ Գարեգին Տեր- Հարությունյանը՝ Նժդեհը... Մի քանի օր Ղարաքիլիսայի բնակչությունը դաժան սովի ու զենքի պակասի պայմաններում դիմագրավում էր թուրքերին, մինչեւ մայիսի 24-ին իր զորքով վրա հասավ Գարեգին Նժդեհը։ Լոռեցու համար Նժդեհը փրկիչ էր, ու մարդիկ հավատացին նրան։
? Նժդեհը գրում է.
«Ստանալով այդ հրամանագիրը՝ զորամասս կենտրոնացավ հայոց եկեղեցու բակում: Վայրկյանների ընթացքում տարածվեց Ղարաքիլիսա վերադառնալու լուրը, եւ եկեղեցու շուրջը խռնվեց ժողովուրդը: Եկել էին ճամփու դնել մեզ: Սպայակույտի համհարզը կարդաց Երեւանից ստացված հեռախոսագիրը՝ Սարդարապատում հայ զենքի ունեցած հաջողության մասին: Քիչ անց՝ հայտնվեց Զորավար Նազարբեկյանը, խոր հուզումով հաղորդեց ազգի պահանջը՝ երեք օր ժամանակ տալ Երեւանին, որ կարողանա հաշտություն կնքել թուրք հրամանատարության հետ, ապա մի քանի խոսքով օրհնեց մեր զորքին: Գնալով հուզումը կխորանար: Եկեղեցում վաղուց էր սկսվել ժամերգությունը- զանգերի ղողանջը, միացած երգեցողության, տխրորեն կարձագանքեր հեռուները: Պետք էր երկու խոսք ասել մեկնելու պատրաստ զորամասին, եւ հատկապես ժողովրդին:
Դեռ խոսքս չեի վերջացրել, երբ հայացքս հանդիպեց ծերունի զորավարի հայացքին- արցունք կար նրա աչքերի մեջ: Լալի՛ս էին, լալիս էին բոլորը: Ինձ էլ խեղդել սկսեց արցունքը.... կամավորները բռնեցին դեպի Ղարաքիլիսա երկարող ճամփան»։ Չնայած պարտությանը եւ նահանջին՝ Ղարաքիլիսայի հերոսամարտը անգնահատելի նշանակություն է ունենում Հայաստանի համար։ Գարեգին Նժդեհը հետագայում գրում է, որ «առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ թե օրվա Խ. Հայաստանը, այլեւ այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն չէինք ունենա։ Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը փրկեց գլխովին ոչնչացումից Արարատյան հայությունը եւ հիմքը դրեց Հայկական պետության»։
Ի վերջո, այս ճակատամարտը մեծ նշանակություն ունեցավ, քանի որ թուրքերը մեծ կորուստներ կրեցին եւ այլեւս չշարունակեցին հարձակումը Դիլիջան-Ղազախ ուղղությամբ, այլ փոխեցին ուղղությունը դեպի Շուլավեր-Թիֆլիս»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը