Պետական ծառայության համակարգը ենթադրում, որ պետական բոլոր պաշտոնները պետք է ունենան իրենց անձնագրերը։ Եվ դրանք կան, ուղղակի ոչ ոք դրանց չի նայում։ Պետական համակարգ եկողը գալիս էր երկու գործոնի համար՝ իր ապագայի և կարիերայի կանխատեսելի լինելու համար, և մարդ կար, որ գալիս էր զուտ 8 ժամ աշխատելու համար։ Գա իր 8 ժամն աշխատի՝ հետո գնա այլ գործով զբաղվի։ Իսկ բիզնեսը 24-ժամյա լարվածություն է պահանջում։ Պետական համակարգի աշխատողը մի փոքր այլ կերպ է մտածում։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այստեղ պետք է լինի նաև էթիկայի ատեստացիա, ներկայացվի էթիկայի հայտարարագիր, որ հարազատ-բարեկամները չհայտնվեն իրար ենթակայության տակ։ Այս ամենը օրենսդրությունը սահմանափակում է, իսկ այսօր դրան ոչ ոք չի հետևում, հիմա պետք է շատ խստացնել։ Մենք հետևում էինք, և պետական համակարգն աշխատում էր»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը խոսելով խորհրդարանական համակարգի մասին նշեց․
«Հայաստանի պայմանների համար կառավարման կիսանախագահական համակարգն ամենահաջողված և պրակտիկ համակարգ է եղել։ Ժամանակին, երբ անցում կատարվեց խորհրդարանական համակարգին, ես իմ բավականին կոշտ կարծիքն արտահայտել եմ այդ առումով։ Սա ճիշտ չէր։ Խորհրդարանական համակարգը լավ աշխատում է այն պետություններում, որտեղ կա ձևավորված քաղաքական համակարգ՝ ինստիտուցիոնալ կուսակցություններով, որոնք ունակ են ներսից ինքնամաքրվելու։ Այդպիսի կուսակցություններ Հայաստանում շատ քիչ են։ Մեր կուսակցություններում շատ դժվար է սերնդափոխություն լինում։ Ունենք բազմաթիվ մարդ-կուսակցություններ։ Մենք խոսում ենք ժողովրդավարական գործընթացների մասին, բայց չի կարող ժողովրդավարություն լինի խորհրդարանական մի երկրում, եթե դա նույնիսկ կուսակցության ներսում չի լինում։
Եթե չի լինում ներկուսակցական ժողովրդավարություն, արդյունքում դառնում է ուսապարկերի մոդել։ Եվ խայտառակությունն այն է, որ մարդիկ ընդունում են, որ իրենք ուսապարկ են։ Պատրաստ եմ և գտնում եմ, որ կարելի է գնալ որոշակի լիազորությունների վերաբաշխման։ Ակնհայտ է, որ այս վիճակում նախագահի՝ նման ինստիտուտ ունենալը թյուրիմացություն է։ Լինում է, երբ մարդն է ինստիտուտը վարկաբեկում, լինում է նաև հակառակը։
Այն դաշինքը, որով մենք մտել ենք ընտրապայքարի մեջ և համոզված եմ, որ գալու ենք իշխանության, առաջին հերթին պետք է երկրին և՛ արժանապատիվ խաղաղություն բերի, և՛ ինչ-որ տեղ՝ հանգստություն։ Մարդիկ նյարդայնացած են և նրանց պետք է դուրս բերել այդ վիճակից։
Վերջերս Մոսկավում ինձ գիրք են նվիրել, դեռ չեմ հասցրել կարդալ, բայց վերնագիրը՝ «Нервные государства», և մտածեցի, որ սա հենց Հայաստանի մասին է ասված»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը