22 05 2021

Առաջնայինը երկիրը փրկելն է. Panorama.am

Առաջնայինը երկիրը փրկելն է. Panorama.am

Panorama.am-ը ներկայացնում է հրապարակախոս Լիա Իվանյանի հոդվածը.

Սովորաբար հանդարտ երկրներում իրադարձություններ շատ չեն լինում։ Արտառոց երևույթների   դեպքում  մեկ-երկու շաբաթ երկիրը դրանով է ապրում, հետո կամ մոռացվում է, կամ ուրիշ տեղ է հանրության ուշադրությունը սևեռվում։ Եվ ամեն  երևույթ հասցնում է իր բացատրությունը ստանալ  և գրավել իր ճիշտ տեղը պատմության մեջ։

Հիմա նայենք, թե ինչ կատարվեց մեզ մոտ վերջին երեք տարիներին, երբ  պատուհասվեց մեր գլխին այս թավշյա-գունավոր հեղափոխությունը։ Սկսած 2018-ի ապրիլի կեսերից, առանց բացառության, ամեն օր կատարված մի նոր աբսուրդ իրենով ծածկեց նախորդ օրվանը, որը դեռ չէինք մարսել ու հասկացել։ Նման է, երբ կյանքումդ  իրար հետևից այնպիսի արագությամբ են շարքից դուրս առողջությունդ, ընկերներդ,  տանդ կենցաղային սարքերը, որ չես հասցնում ոչ մեկի լուծումը գտնել։

Եվ մի օր տեսնում ես, որ շրջապատումդ  պիտանի ոչինչ չի մնացել։ Ահա այսպես նիկոլախունտան փչացրեց  Հայաստանը՝ ժամանակ  չտալով կատարվածը վերլուծելու և չարիքի դեմն առնելու համար։ Արդյունքում Արցախը կորցրեցինք, սերունդ կորցրեցինք, Հայաստանն ենք կորցնում։

Եվ հիմա հասել ենք հերթական աբսուրդին՝ չարիքի արմատը տեսնելով հանդերձ  չենք կարողանում նրան հեռացնել։ Լավ թե վատ, արտահերթ ընտրություններն  ընձեռում են նման հնարավորություն։  Քարոզարշավը դեռ պաշտոնապես չսկսված, արդեն ակնհայտ են հիմնական ուժերի մարտավարությունը։ Ընդդիմությունը, հատկապես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները շեշտը դնելու են երկրի փրկության վրա, ինչի միակ գրավականը նիկոլազավրներին  իշխանությունից հեռացնելն է։

Մնում է ընտրողները  հիշեն երեք տարիների գերլարված առօրյան, անզուսպ գնաճը,  պատերազմը, հազարավոր  զոհերին, և գիտակցելով   պահի ճակատագրական լինելը՝ կատարեն հայրենանպաստ ընտրություն։ Կարողանան մի կողմ դնել սուտ լուրերին կուլ գնալու սովորությունը,  սրան սիրում եմ-չեմ սիրում  մտայնությունը,  մտածել, որ որոշում են  իրենց երեխաների ճակատագիրը  և ամենակարևորը՝ չվաճառեն իրենց ձայնը։ Առաջիկա ընտրություններում ընտրակաշառք վերցրած ամեն մի քաղաքացի  նույնքան հանցագործ է, որքան նիկոլն ու ալիևը։

Ինչ վերաբերում է իշխանական ձեռագրին, ապա այն կանխատեսելի էր ի սկզբանե և արդեն  գործի է դրվել։ Լիովին սպասելի են  կեղտը, թույնը և  ատելությունը ընդդիմախոսների   նկատմամբ, մանավանդ որ ընտրազանգվածին ներկայացնելու ուրիշ բան չունեն․․․ ԱԹՍ-ներին մատաղ արած զինվորներով պիտի՞ հպարտանան, Բաքվում խոշտանգված ու սպանված ռազմագերիներո՞վ, թե՞  թշնամուն գյուղեր նվիրելով։ Կեղտ են նետելու բոլորի վրա։

Արդեն մամուլում հրապարկումներ կան,  որ  «Փաշինյանը «ընտրակաշառք» է բեմադրելու»։

Ըստ հրապարակման, «գտնվել են»    մարդիկ, ովքեր պիտի «խոստովանեն», որ փող են ստացել «Հայաստան» դաշինքին ձայն տալու համար, էն էլ ոչ ավել , ոչ պակաս   Իշխան Սաղաթելյանից  ու Վահե Հակոբյանից։ Ախր, խելք էլ չունեն, որ  հավատարժան  սուտ բեմադրեն։ Վաղն ախր դատվելու են չէ էս զրպարտությունների և հերյուրանքների  համար։ Իսկ էսօր թող սատկե՛ն բոլոր այն մարդիկ, ովքեր  կներգրավվեն այս կեղտոտ խաղերում՝ իրեն միամիտ խաբված  ձևացնող «փող վերցնողից» մինչև  իրավապահ հորջորջվող կամակատարներն  իրենց տիրոջ հետ։

Կասկած չկա,  որ իրավապահները շարունակելու են կույր հավատարմությամբ կատարել գերագույն պետականաքանդի կապրիզնեը և դառնալ նախընտրական մահակ։ Արդեն կան ահազանգեր։
Այսօր հետյալ հայտարարությունն է տարածել «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը․ 

«Արդեն մի քանի օր է՝ ինձ տեղեկություններ են հասնում, որ իմ թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել։

Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։

Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ»։

Հիմա պատկերացնում եք, ինչ  աստիճան էժանագին  քարոզարշավ է պատրաստում պարտված կապիտուլյանտը․  սովորության համաձայն սևացնել  ու վախեցնել բոլորին՝ անխնա օգտագործելով  իրավապահներին։ Հիմնական թիրախը, ինչպես և սպասվում էր Նիկոլի մղձավանջ Ռոբերտ Քոչարյանն է, ում երեք տարի շարունակ մարտիմեկյան անփառունակ դատավարության շրջանակներում  ճնշել չկարողանալով, այսօր ևս  իրավապահ համակարգը  նրա դեմ է ուղղորդում։ 
  
Ոչ ոք չի ակնկալում, որ նիկոլականները, լևոնականները, արմանբաբաջանյանները, ջհանգիրյանագռզոներն ու դրանց նմանները հանգիստ կզիջեն իրենց փողամանները, բայց արդեն այնքան անգամ և այնքան այլանդակ ձևերով են բացահայտվել նրանց իրական դեմքերը, որ հազա՛ր ամոթ այն նորմալ հային, ով կկանգնի նրանց կողքին։

Իսկ ժամանակն անպայման  դեռ հնարավորություն կտա վերլուծելու այս երեք տարիների բոլոր իրադարձությունների պատճառներն ու հետևանքները։  Հիմա առաջնայինը երկիրը դավաճաններից փրկելն է։

Լիա Իվանյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ