«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը հայտարարություն է տարածել այսօր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման մասին
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ի կատարումն «Պատիվ ունեմ» դաշինքի պահանջի՝ այսօր տեղի է ունեցել դաշինքի ներկայացուցիչների և ՀՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը, որի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԳ պաշտոնյայից պարզաբանումներ է պահանջել Հայաստանի և Արցախի կենսական շահերին վերաբերող գործընթացների և սեղանին առկա փաստաթղթերի վերաբերյալ:
Ա.Այվազյանի հավաստիացումները վերաբերում էին այն հանգամանքին, որ իրենց գերատեսչությունը տեղյակ է միայն մամուլում շրջանառվող նախագծից, և որևէ այլ փաստաթուղթ ԱԳՆ խողովակներով չի անցել:
Հաշվի առնելով դավադիր կապիտուլյանտի ստախոս աշխատաոճը և Հայաստանի ու Արցախի համար՝ դրա կործանարար հետևանքները, տվյալ հանգամանքը չի բացառում մեր կենսական շահերին առնչվող հավելյալ նախագծերի առկայության կամ նախապատրաստման գործընթացը, որը ընթանում է՝ շրջանցելով արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունը:
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կապիտուլյանտը բազմիցս մոլորեցրել է հանրությանը, թաքցրել բանակցային գործընթացի կարևորագույն դրույթները, «բանավոր ըմբռնումով» տարածքներ է հանձնել, գաղտնիության պայմաններում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել թշնամու հետ և փաստաթղթեր ստորագրել:
Վերջին շրջանում քիչ չեն նաև վարչապետի աթոռից կառչած անձի և ԱԳՆ պատասխանատուների հայտարարությունների միջև առկա ակնհայտ հակասությունները, որոնք այս իշխանությունների քաոտիկ կառավարման մասին վկայող ևս մեկ ախտանշան են հանդիսանում:
Ակնհայտ է, որ ստեղծված ճգնաժամը իշխանության հանցավոր անգործության, մասնավորապես՝ պետական սահմանի տարբեր հատվածներում անվտանգային անհրաժեշտ համակարգերի ներդրման տապալման հետևանք է, ինչի արդյունքում Ադրբեջանը ոչ միայն զարգացրել է իր առավելությունը մարտադաշտում և դիվանագիտական հարթությունում, այլև Հայաստանին նոր զիջումների օրակարգ թելադրել:
Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը և դրանում գլխավոր ստախոսի աններելի մեղքը, կրավորական և պարտվողական կեցվածքը, լեգիտիմության բացակայությունը, դավաճանական հետագիծը, տապալված դիվանագիտական միջավայրը,
«Պատիվ ունեմ» դաշինքը կապիտուլյանտից պահանջում է.
1. անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և գաղտնի բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով:
2. մինչև արտահերթ ընտրությունների ավարտը և նոր իշխանության ձևավորումը զերծ մնալ Հայաստանի Հանրապետության անունից հայ ժողովրդի ազգային շահերին առնչվող խոստումներից։
3. դիվանագիտական ներուժը կենտրոնացնել Արցախի կարգավիճակի, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման և ապահովման, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ:
«Պատիվ ունեմ» դաշինքը նաև հորդորում է Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը անհրաժեշտության պարագայում կրկին լծվել հայրենիքի պաշտպանության գործին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը