19 05 2021

Կապիտուլյանտի տասնհինգ ստերը. մաս 2-րդ. Արթուր Խաչատրյանի հոդվածը

Կապիտուլյանտի տասնհինգ ստերը. մաս 2-րդ. Արթուր Խաչատրյանի հոդվածը

Ձգտելով հանդարտեցնել փոթորկվող ժողովրդին՝ կապիտուլյանտը խոստումներ էր շռայլում: Ընդ որում՝ խոստումների մի մասով, օրինակ՝ զոհված զինծառայողների եւ քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովման հարցում կառավարությունն անելիք չունի, եթե 2017 թ. ընդունված օրենքով հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկներին ու նրանց ընտանիքներին հասանելի հատկացումներ տրամադրելուց բացի, այլ քայլեր չպետք է ձեռնարկեր: Իսկ այն, որ, օրենքով հասանելի հատկացումից բացի, այլ աջակցություն շահառուները չեն ստացել, անվիճելի է: Գուցե մի քանիսը՝ ծանոթով… Ինչևէ, շարունակենք կապիտուլյանտի շռայլած խոստումների վերլուծությունը:

6․ Գերեվարված զինվորականների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ, անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում

Գերեվարված հայրենակիցների ճակատագիրը հայ հասարակությանը մտահոգող թերևս առաջին հարցն է: Անկախ նրանից, թե մարդիկ ի՞նչ քաղաքական հայացքներ ունեն, ո՞ւմ են մեղադրում պատերազմ սանձազերծելու ու պարտության համար, ինչպե՞ս են տեսնում երկրի ապագան, նրանք համակարծիք են մի հարցում՝ գերիներին պետք է տուն վերադարձնել: Զարմանալի չէր, որ կապիտուլյանտն անդրադարձավ այս հարցին նույնպես: Նա գիտի՝ ինչպես խաղալ նուրբ լարերի վրա:

Պատերազմի ավարտից անցել է ավելի քան վեց ամիս, իսկ մեր զինծառայողները դեռևս ադրբեջանական գերության մեջ են: Քանի՞սն են նրանք: Իշխանությունը խոսում է դեռևս գերության մեջ գտնվող ավելի քան 180 զինծառայողների մասին: Վերջերս հրապարակվեց ադրբեջանական գերության մեջ տանջամահ արված 19 քաղաքացիական անձի և զինծառայողի անուն: Այս պահի դրությամբ Հայաստան է վերադարձել 74 գերի:

Հնարավո՞ր էր մեր ռազմագերիներին վերադարձնել: Իհարկե: Դրա համար պետք էր բանակցել իմանալ, քաջություն և հաստատակամություն ունենալ: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ Հայաստանը, ըստ համաձայնեցված ժամանակացույցի, ետ էր քաշում իր զինված ուժերն Աղդամի, Շահումյանի (Քարվաճառի) և Քաշաթաղի շրջաններից: Հայաստանը նաև պարտավորվում էր ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Այս ամենի դիմաց Ադրբեջանը խոստանում էր Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգություն: (Նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ անգամներ եմ Արցախ գնացել: Ճանապարհը հսկում են ռուս խաղաղապահները): Կողմերը նաև պարտավորվում էին փոխանակել գերիներին, պատանդներին, այլ պահվողների և զոհվածների մարմինները: Փոխանակման համար ժամկետ նշված չէր: Ակնհայտ էր, որ հայկական կողմում շատ ավելի քիչ ադրբեջանցի ռազմագերի կա, քան Ադրբեջանում: Ակնհայտ էր, որ Հայաստանը պետք է ավելի շահագրգռված լիներ ռազմագերիների վերադարձի հարցում, քան Ադրբեջանը: Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է պնդեր, որ հաստատվեր գերիների փոխանակման վերջնաժամկետ, և ակնհայտ էր, որ Հայաստանը չպետք է զիջեր Աղդամը, Քարվաճառն ու Քաշաթաղը, քանի դեռ գերիները տուն չէին վերադարձել: Ակնհայտ է բոլորին: Ինչո՞ւ կապիտուլյանտը դա չարեց: Գուցե կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելու պահին նրան պատած սարսա՞փը թույլ չէր տալիս սառը դատել, կամ գուցե նրա կարծիքն ընդհանրապես որևէ մեկը չհարցրե՞ց, կամ գուցե Ալիևը նրան ուղղակի խաբե՞ց… Լավ, ենթադրենք այդ պահին կապիտուլյանտն աֆեկտի վիճակում էր կամ պարտադրված էր ստորագրում, բայց ինչո՞ւ մենք վերադարձրեցինք մեզ մոտ պահվող գերիներին և ադրբեջանցի երկու մարդասպան ահաբեկիչներին, որոնք Քարվաճառում երեխա էին սպանել, իսկ ադրբեջանցիները՝ ոչ: Չէ՞ որ պայմանավորվել էին փոխանակումն իրականացնել «Բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով: Այս հարցը հատուկ քննության առարկա պետք է դառնա…

Չկարողանալով վերադարձնել ռազմագերիներին՝ կապիտուլյանտը փորձեց այդ հարցը շահարկել ներքին «ճակատում»: Նախ՝ իշխանամերձ շրջանակները սկսեցին կապիտուլյանտի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերին մեղադրել, թե ինչու նրանք ռազմագերիների հարց չեն բարձրացնում՝ «փոխանակ գերիների մասին մտածեն, իշխանության մասին են մտածում»: Ինչպե՞ս պետք է ընդդիմությունը, մանավանդ՝ արտախորհրդարանական, զբաղվեր «գերիների հարցով», հասկանալի չէ: Այնուհետև իշխանական պրոպագանդիստները մեկ այլ թեզ սկսեցին շրջանառել՝ «ներքաղաքական անկայունությունը թույլ չի տալիս իշխանությանը վերադարձնել գերիներին, գերիները դեռ չեն վերադարձել ընդդիմության պատճառով»: Այս հարցում նրանք կարողացան ներգրավել նաև գերեվարված զինծառայողների մի քանի ծնողների: Մարդիկ, բարեբախտաբար, շուտ հասկացան, որ սադրանքի գործիք են դառնում ու դադարեցրին ընդդիմությունից պահանջել վերադարձնել ռազմագերիներին կամ կապիտուլյանտին չխանգարել գերիներին վերադարձնել: Ձախողելով այս մոտեցումը՝ կապիտուլյանտն ու նրա թիմը հիմա էլ ընդդիմությանը սկսեցին մեղադրել գերիների հարցը քաղաքականացնելու մեջ: Եվ այն մարդիկ, որոնք ընդդիմությանը մեղադրում էին գերիների հարցին չանդրադառնալու համար, հիմա էլ սկսեցին մեղադրել գերիների մասին խոսելու համար: Հայկական պարադոքս…. Կապիտուլյանտն իր ամպլուայի մեջ էր՝ մեղավոր են բոլորը, բացի իրենից:

Իսկ իրադարձությունները սրընթաց զարգացան: Պատերազմի ավարտից համարյա 40 օր հետո, դեռևս չբացահայտված հանգամանքներում, Ադրբեջանը գերեվարեց 62 հայ զինծառայողի ու առանց մի կրակոց արձակելու գրավեց Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ, Հայաստանի իշխանությունները չեն մեկնաբանում: Ինչո՞ւ ոչ ոք չշտապեց հայ դիրքապահներին օգնության, ինչո՞ւ ռուս խաղաղապահների ներկայությունը չսանձեց Ադրբեջանի ախորժակը, կամ ինչո՞ւ մեր զինծառայողներին չտարհանեցին, եթե Խծաբերդն ու Հին Թաղերը պահելն այլևս հնարավոր չէր:

Պարզ է, որ պատերազմում տանուլ տված Հայաստանը և կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած վարչապետը չեն կարող պարտադրել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ ռազմագերիներին: Ադրբեջանցիները նոյեմբերի 9-ից հետո գերեվարած զինծառայողներին ռազմագերի չեն համարում, կոչում են ահաբեկիչ և սպառնում դատել: Հույսը հզորների միջամտությունն է: Սերգեյ Լավրովը հունվարի 11-ի բանակցություններից հետո հայտարարեց, որ գերիների հարցը չի լուծվում, քանի որ Հայաստանը ժամանակին գերիների ցուցակը ռուսական կողմին չի տրամադրել: Իր հերթին, գեներալ Մուրադովը կապիտուլյանտի իշխանությանը մեղադրեց գերիների հարցով սեփական ժողովրդին մոլորեցնելու մեջ: Մայիսի 6-ին նախարար Լավրովը հայտարարեց. «(Россия) продолжает выступать за решение всех гуманитарных вопросов, включая завершение процесса возвращения удерживаемых лиц» («Ռուսաստանը շարունակում է հանդես գալ բոլոր մարդասիրական հարցերի լուծման օգտին՝ ներառյալ պահվող անձանց վերադարձնելու գործընթացի ավարտը» – թրգ. Ա. Խաչատրյանի)։  Ուշադրություն դարձրեք հնչեցրած որակավորմանը՝ удерживаемых лиц, պահվող անձանց, այլ ոչ թե՝ ռազմագերիներին: Նույն օրը, ողջունելով երեք հայերին վերադարձնելու՝ Ադրբեջանի որոշումը, ԱՄՆ պետ քարտուղար Բլինքենը հայտարարեց. ''The U.S. welcomes Azerbaijan's release of three Armenian detainees.  We call on both parties to fully and expeditiously complete the exchange process for all prisoners, detainees, and remains, and to respect their obligations to ensure the humane treatment of detainees'' («Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի կողմից երեք հայ կալանավորվածներին բաց թողնելը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին՝ ամբողջ ծավալով և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների ու աճյունների փոխանակումը և հարգել կալանավորված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու՝ իրենց պարտավորվածությունները» - թարգ. Ա. Խաչատրյանի): Պետքարտուղար Բլինքենն օգտագործեց «բանտարկյալ և «կալանավորված անձինք» եզրույթները, բայց ոչ՝ ռազմագերի բառը: Նույնիսկ այս հարցում կապիտուլյանտը ձախողեց…

Պարզ է, որ կապիտուլյանտը չի կարողանում կատարել իր խոստումը: Որքան էլ փորձի, իր սովորության համաձայն, պարտությունը հաղթանակ ներկայացնել (հիշենք կապիտուլյանտի պատմական ֆռազը. «Երբեք Հայաստան այսքան գերի չէր վերադարձել») հանրությունը հասկանում է, որ այս հարցում կապիտուլյանտը ձախողվել է:  

Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին ոչ թե սադիստական հակումների պատճառով, այլ որովհետև գիտակցում է, որ կարող է գերիների դիմաց Հայաստանից զիջումներ կորզել: Ի՞նչ զիջումներ կարող է պահանջել Ադրբեջանը: Ընտրությունը շատ լայն է՝ Կարմիր Շուկայի միջանցք, Մեղրիի միջանցք, Տավուշի անկլավներ, զիջումներ հետագա ցանկացած խնդրի լուծման ժամանակ: Ձախողելով այս հարցի լուծումը դեռևս նոյեմբերի 9-ին և չկանխելով Խծաբերդի ու Հին Թաղերի անկումը՝ կապիտուլյանտը ոչ միայն տասնյակ հայորդիների կյանքն ու առողջությունը վտանգեց, այլև Հայաստանի վրա հետագա ճնշումների դուռ բացեց:

Իսկ գուցե կապիտուլյանտը ոչ թե չի կարողանում, այլ չի՞ ցանկանում գերիներին վերադարձնել: Նա խոստացել էր գերիներին վերադարձնել մինչև Խծաբերդի ու Հին Թաղերի անկումը: Իսկ այնտեղից գերեվարված մեր հայրենակիցները կարող են վերադառնալ ու պատմել, թե ինչպես ադրբեջանցիները գրավեցին այդ գյուղերը, ինչպես իրենք մենակ ու անպաշտպան մնացին, ինչպես իրենց ընկերները զոհվեցին, իսկ իրենք գերեվարվեցին: Գուցե պետք չէ՞, որ հասարակությունն այդ ամենի մասին ընտրություններից առաջ իմանա…

7․ Պատերազմին մասնակցած անձանց եւ, ընդհանուր առմամբ, հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում

Անկեղծ ասած, չեմ կասկածում, որ պատերազմի մասնակիցների հետ հոգեբանական ռեաբիլիտացիոն աշխատանքներ կատարվում են: Քանի շահառու կա, չգիտեմ: Ոչ էլ արդյունավետության մասին կարելի է դեռ խոսել: Ուստի անդրադառնանք հանրությանը:

Կապիտուլյանտը 2018 թ. գարնանը սկիզբ առած ժողովրդական շարժումը կոչեց «թավշյա, սիրո և համերաշխության հեղափոխություն»: Թողնենք մի կողմ այն հանգամանքը, որ քաղաքական օրակարգով սիրո համերաշխություն երբեք չի եղել և չի էլ կարող լինել: Սակայն կապիտուլյանտը սիրում է շեշտել համաշխարհային մակարդակով իր «աննախադեպությունը»: Բայց արդյո՞ք նա հավատում էր իր խոսքերին: Ո՛չ: Սիրո և համերաշխության լոզունգով իշխանության եկած ուժը, դեռևս կառավարության հարյուր օրը չբոլորած, սկսեց քաղաքական հալածանքները: Կառավարության հարյուր օրվա առիթով հրավիրված հանրահավաքը, որը կառավարության հետ որևէ առնչություն չուներ, այլ կապիտուլյանտի հերթական շոուն էր, հանրային համերաշխության ու ներդաշնակության փոխարեն նա ատելություն էր սփռում՝ սևեր և սպիտակներ, նախկիններ և ներկաներ, սերը թուլության հետ չշփոթել և այլն: Կապիտուլյանտի ու նրա հանցախմբի վարած քաղաքականությունն ուղղված է եղել երկրում լարվածության պահպանմանը: Ինչո՞ւ: Դա է կապիտուլյանտի էությունը: Նայեք նրա քսանամյա քաղաքական կենսագրությանը՝ խառնակչություն, բողոք, հայհոյանք, լարվածություն…. Մենք դեռ 2018-ին էինք զգուշացնում, որ «ծխացող» պատերազմում գտնվող պետությունը չի կարող իրեն ներքին երկպառակություն թույլ տալ, «դասակարգային» կռիվ սկսել: Պաշարված բերդում անհաշտություն հրահրելը բերդը կործանելու ամենակարճ ճանապարհն է: Կապիտուլյանտը մեզ չլսեց: Այժմ Շուշիի բերդի վրա ծածանվում են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները…

Կապիտուլյանտը փորձում է համոզել հասարակությանը, որ նոյեմբերի 9-ին մեր ձախողումները վերջացան, Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացվում: Անվտանգության խորհրդի՝ նրա նշանակած քարտուղարը մայիսի 17-ին նույնիսկ հայտարարեց, թե նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը հայտնվեց շատ ավելի վատ վիճակում, քան էր մինչև 2020 թ. սեպտեմբերի 27-ը: Կարելի էր այս հայտարարությունների վրա լիաթոք ծիծաղել, եթե իրավիճակն այսքան ճակատագրական չլիներ: Խծաբերդի, Շուռնուխի, Սև լճի շուրջ զարգացումները, ցավոք, փաստում են, որ Հայաստանն ու նրա արցախյան հատվածը այժմ կանգնած են էլ ավելի լուրջ մարտահրավերների առջև: Վտանգված է մեր գոյությունը՝ որպես պետություն և ազգ: Սա պետք է կապիտուլյանտին սթափեցներ: Իսկ ի՞նչ արեց նա: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց ընդամենը ժամեր անց, նա «քաղաքացու վրեժի» կոչ արեց: Մարտի 1-ի երթի ընթացքում նրա կողմնակիցները վանկարկում էին՝ «Առանց թավիշ Հայաստան», իսկ վերջերս կապիտուլյանտն ափսոսանք էր հայտնում, որ չունեն «պատի տակ գնդակահարելու՝ Արամ Մանուկյանի լիազորությունները»:

Ատելությունն ու հայհոյանքը քաղաքական օրակարգ բերած մարդը, սեփական ժողովրդի դեմ բիրտ ոստիկանական ուժ կիրառող և սեփական ժողովրդից հազարավոր ոստիկանների ետևում թաքնվող վարչապետը հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի մասին է խոսում: Հանրության ռեաբիլիտացիան սկսվում է համերաշխության հաստատմամբ: Նա հակառակն է անում:

Կապիտուլյանտի պատկերացումով ռեաբիլիտացիա՝ նշանակում է ստել, կեղծել, մանիպուլացնել: Սկզբից նա փորձեց հանրությանը մեղադրել պարտության մեջ: Հիշենք Քովիդի տեղեկանք վաճառած բժշկին, կամավոր առաջնագիծ չգնացած քաղաքացիներին (կարծես թե առաջնագիծը քաղաքային բուլվար է, որտեղ մուտքն ազատ է ամեն ցանկացողի համար), նույնիսկ կամավորներին ինքնագլուխ զենք չտված զինապահեստի պատասխանատուին: Հետո նա փորձեց նսեմացնել մեր կորուստները: Ի՞նչ ենք կորցրել, մի դժգույն ու դժբախտ քաղաք: Հետո փորձեց ընդդիմադիր քաղաքական գործիչներին ու կուսակցություններին մեղադրել պատերազմ հրահրելու ու պատերազմում պարտվելու մեջ: Կապիտուլյանտի երևակայությունն այդքանով չսահմանափակվեց: Ակտիվ սկսեց տիրաժավորվել նոր հնարավորությունների գաղափարը: Իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարի «գնահատականը» դեմագոգիայի ու մանիպուլյացիայի, հանրությանը մոլորեցնելու գագաթնակետն էր:

Թշնամանք հրահրելով, ստեր տարածելով՝ հանրության բարոյահոգեբանական վիճակը չի բարելավվի: Կապիտուլյա՛նտ, եթե դու անկեղծ էիր, դո՛ւ՝ որպես պարտության մարմնացում ու խորհրդանիշ, պետք է հեռանայիր, հեռանայիր անգլիական ձևով ու թույլ տայիր, որ հանրությունը կարողանար ապաքինել իր վերքերը և ապագան կերտեր…

8․ Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ

Նույնիսկ հաղթանակներից են դասեր քաղում, ուր մնաց պարտությունից դաս չքաղեն: Յոմ Կիպուրի պատերազմում կրած պարտությունից հետո Իսրայելի բանակը լուրջ բարեփոխումների փուլ մտավ: Այսօր բանակը ոչ միայն Իսրայելի անվտանգության երաշխավորն է, այլև տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Բավարար է նշել, որ Իսրայելի պաշտպանության բանակի «8200-րդ բաժինը» տարեկան 6 մլրդ ամերիկյան դոլարի կիբերանվտանգության բնագավառի արտադրանք է թողարկում և գրավում կիբերանվտանգության համակարգերի համաշխարհային շուկայի 10 տոկոսը (!!!): Բանակի ընդամենը մի ստորաբաժանում…

Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում: Բանակը դարձավ քավության նոխազ: Խոսք կա. «Պատերազմում բանակները չեն պարտվում, այլ պետությունները»: Երբ պետությունը պարտվում է, բանակն էլ է պարտվում: Մեզ մոտ պետության ու կառավարության պարտությունն անտեսվեց: Նախորդ բաժնում նշված «մեղավորներին» ավելացավ նաև բանակը: Պաշտպանության նախարար նշանակվեց երբեք ոչ մի արժանիքով աչքի չընկած, շնորհազրկված մի գեներալ: Չէ, սխալվեցի, նա մի արժանիք ունի՝ հավատարիմ է կապիտուլյանտին: Նախարարն էլ փոխնախարարներ նշանակեց նախկին ոստիկանապետին և ՀՀՇ-ի իշխանության ժամանակվա ներքին գործերի փոխնախարարին: Մոնումենտալ էր բանակ-կապիտուլյանտ հակամարտությունը: Դրա մասին շատ է գրվել: Սակայն չի գրվել բարեփոխումների ծրագրի հաստատման եւ բարեփոխումների մեկնարկի մասին: Ի՞նչ բարեփախումներ: Ազգային անվտանգության նոր հայեցակարգ ունե՞նք, պաշտպանական նոր դոկտրին ունե՞նք, զինված ուժերի մասին նոր օրենք ունե՞նք: Որտե՞ղ են այդ բարեփոխումները նկարագրված: Դրանք քննարկվե՞լ են, հաստատվե՞լ են: Ո՛չ:  Արդյո՞ք ընտրությունների նախաշեմին ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին խոսակցությունները կարելի է բարեփոխում կոչել: Իհարկե՝ ոչ:

Չկա բանակի բարեփոխման հայեցակարգ, ուստի խոսել բարեփոխումների իրականացման մասին իմաստ չունի: Սակայն իմաստ ունի խոսել ու մատնանշել կապիտուլյանտի հերթական սուտը…

(շարունակելի)

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ