18 05 2021

Փաշինյանի քաղաքական թիմն իրական մեղավորներին ազատում է պատասխանատվությունից․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի քաղաքական թիմն իրական մեղավորներին ազատում է պատասխանատվությունից․ Տիգրան Աբրահամյան

Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանագծում ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունը, ինչպես և սպասվում էր, երկրի քաղաքական իշխանությունը, օպերատիվ կերպով, դրեց ռազմական ղեկավարության, հրամանատարության, զինվորականների վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Խնդիրն այն չէ, որ բարձրագույն զինվորական կազմը սրանում որևէ պատասխանատվություն չունի, սակայն հարցը նրանում է, որ տեղի ունեցածի առաջնային պատասխանատուն՝ ցանկացած նման իրավիճակում, երկրի քաղաքական ղեկավարությունն է:

Վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդականը հարցազրույց է տվել, որում մասնավորապես նշել է, թե «լարվածության վերացումից հետո, պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումները կպարզեն, թե ով է այս ամենի իրական պատասխանատուն, արդյո՞ք դրա համար կային օբյեկտիվ և սուբյեկտիվ սխալներ և ըստ դրան որոշումներ կկայացվեն»:

 

Ստացվում է, որ հենց սկզբից, Փաշինյանի քաղաքական թիմն իր ղեկավարին և իրական մեղավորներին ազատում է պատասխանատվությունից և խնդիրը տեղափոխում է զինվորականների դաշտ:

Ինձ չի հետաքրքրում, թե այս իրավիճակում ինչ է զգում ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, սակայն իմ համար կարևոր է, որպեսզի այն ինչ արել է երկրի քաղաքական ղեկավարությունը որևէ կերպով չբարդվի բարեխիղճ, պատվախնդիր և իր առօրյա ծառայությունը պատշաճ կերպով տանող զինվորականի, հրամանատարի վրա:

Առաջնագծի ծանր հատվածում զինվորականն է, այլ ոչ թե օրվա քաղաքական կոնյուկտուրայի բերումով «դեպքի վայրում» հայտնված, արագ լուսանկարվող, հարցազրույց տվող և իր հարմարավետ գրասենյակ շտապող պաշտոնյան:

Այս օրերի ողջ ծանրությունը, դժվարությունը, ճնշումն ու պատասխանատվությունը կրկին զինվորականի ուսերին է, ով իր թիկունքում չի զգում պետության պաշտպանությունն ու սատարումը, իսկ վերջնարդյունքում իրադրության ողջ մեղավորությունը կրկին բարդվում է նրանց վրա»,- գրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ