14 05 2021

Փաշինյանը երկիրը տանում է կործանման․ Էլինար Վարդանյան

Փաշինյանը երկիրը տանում է կործանման․ Էլինար Վարդանյան

Ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի՝ «Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ» վերտառությամբ հոդվածը:

 

«Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած երկրի բանական ղեկավար։ Բայց Նիկոլը չի ասի։ Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց ուսապարկերը դա չեն անի։

Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական գեներալիտետ, որը  ստորագրելով «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»  ձևակերպման տակ, հետո հոտընկայս դիմավորեց նրան։

 

Անգործունյա իշխանության  պատճառով մենք կրկին հայտնվել ենք հողեր կորցնելու և պատերազմի վտանգի առջև։  Հրաժարականի փոխարեն Նիկոլը հիմա մտածում է ում վրա բարդի մեղքը։ «Պատասխանատուն ես եմ, մեղավորը ե՞ս եմ»։

Ու՞մ մեղավոր կկարգի Նիկոլը.

1.      Ինչպես միշտ նախկիններին. բայց այս անգամ գործը բարդանալու է։ Ադրբեջանցիների առաջխաղացումը հայկական տարածքներ տեղի են ունեցել այն հատվածներում, որոնք սահման են դարձել վերջին վեց ամսվա ընթացքում, այն էլ իրենց կապիտուլյացիայի պատճառով։

2.      Զինվորականներին.  Չզարմանաք, եթե սլաքներն ուղղվեն զինվորականների վրա, և բոլորին սկսեն համոզել, որ սահմանը լավ չեն պահել։ Այստեղ էլ խնդիր ունեն, սահմանը այդ հատվածում կահավորված չի եղել։ Ինչն անմիջապես իշխանությունների պարտականությունն էր։

3.      Սյունեցիներին. Դժվար կլինի համոզել, որ թշնամու դեմ առանց պետության պաշտպանության թողնված քաղաքացիները իրենց վրա պետք է վերցնեն Նիկոլի սխալներն ու մեղքերը։

4.      Սյունիքի համայնքների ղեկավարներին. Գորիս, Սիսիան և մնացած համայնքների ղեկավարները ընդդիմացել են Նիկոլին, հարմար պահ է նրանց վրա մեղքերը բարդելու։

5.      Վահե Հոկոբյանին. Նա միավորել է սյունեցիներին՝ իրենց հողում ապրելու գաղափարի շուրջ, կարելի է իրեն վերագրել ինչպես Նիկոլն է անվանում մերձճգնաժամային կամ ճգնաժամային իրավիճակը։

6.      Ռուսաստանին. Կարող է համոզել իրեն անվերապահ հավատացողներին /ավելի կոշտ բառ չեմ ուզում օգտագործել, թեև տեղին կլիներ/, որ եթե Ռուսաստանը չուզեր, թշնամու կողմից առաջխաղացում չէր լինի։

7.      ՀԱՊԿ-ին. ՀԱՊԿ-ի հարցում մեղադրանքներ միշտ կգտնվեն։ Ժամանակին ՀԱՊԿ-ից դուրս գալու հիմնավորումներ ներկայացնող Նիկոլի համար ՀԱՊԿ-ին մեղադրելն ինչ է որ։

8.      Մեզ բոլորիս. Իսկ այս հարցում նրա մեղադրանքը բավականին անխոցելի կլինի։ Եվ այն կհնչի այսպես. «Եթե ինձ չէիք վստահում, ապա ինչու եմ ես դեռ վարչապետի ժ/պ»։

Այս մարդը երկիրը տանում է կործանման։ Եթե վեց ամիս առաջ այս խնդիրը գիտակցողները վեր կանգնեին անձնական շահերից և հասարակության լայն զանգվածները դուրս գային փողոց, այսօրվա վիճակը չէր լինի։

Նույն վիճակը հիմա է՝ կամ մենք սա կգիտակցենք, կամ նա մեզ բոլորիս կնշանակի երկրի կորստի թիվ մեկ մեղավոր. և ճիշտ կլինի։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ