05 05 2021

Այսպիսի մտորումներ 5 տարի անց՝ դժբախտ ու դժգույն Երևանում․ Ռուբեն Մելիքյան

Այսպիսի մտորումներ 5 տարի անց՝ դժբախտ ու դժգույն Երևանում․ Ռուբեն Մելիքյան

Հինգ տարի առաջ՝ 2016 թվականի մայիսի 5-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվեցի ԱՀ մարդու իրավունքների պաշտպան (27՝ կողմ, 2՝ դեմ)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Առաջարկը ստացել էի ապրիլի կեսերին, երբ Ապրիլյան պատերազմը փաստացի ավարտվել էր, բայց «կիսախաղաղությունը» այնքան փխրուն էր, որ ամեն րոպե կարող էր հօդս ցնդել։ Առաջարկը ստացել էի ապրիլի կեսերին ու կես րոպե մտածելուց հետո համաձայնվել էի։ Մեկ հեռախոսային խոսակցություն, ու կյանքս գլխիվայր շրջվել էր - Երեւանում մնաց ընտանիքս, 1 ու 3 տարեկան երեխաներս, սիրելի ու հաճելի աշխատանքս։ Երեւանում մնացին նաեւ շատ պատրանքներ։

Սկզբից ինձ առանձնապես հարազատ չէի զգում Շուշիում (որտեղ գրասենյակս էր) ու Ստեփանակերտում (որտեղ ծառայողական բնակարանն էր): Բայց կամաց-կամաց մարդիկ դադարեցին ինձ «Էրեւանից էկած էն ջահելը» համարել ու այդպես մի օր ինձ բռնեցի այն մտքի վրա, որ աշխարհին արդեն նայում եմ «արցախյան» պատուհանից, իսկ Երեւանա-գալստուկա-սրճարանային անցյալս քամահրանքով եմ հիշում։

Լավ թե վատ՝ աշխատեցի երկու տարի, աշխատեցի ուժերիս ներածի առավելագույնով, ու եղավ 18-ի անիծյալ «հեղափոխությունը»։ Հասկանում էի, թե ինչ արհավիրք են մեր գլխին բերելու «Երեւանա-գալստուկա-սրճարանային» ջահելները։ Ցավոք, հասկանում էի։ Ու որոշեցի վերադառնալ Երեւան ու փորձել ինչ-որ բան անել։

Վերադարձա հոկտեմբերին՝ արտահերթ ընտրություններից առաջ։ Շատ լրագրողներ ու ծանոթ նիկոլականներ վստահ էին, որ եկել եմ ընտրություններին մասնակցելու ու «ցուցակ մտնելու»։ Բայց իհարկե սխալվում էին։ Դա՛ չէր իմ ուղին։

… Այն ինչ տեղի ունեցավ 2020-ի աշնանը, անձամբ ինձ համար նման էր հազար անգամ երազում տեսած մղձավանջի իրականացմանը։ Կանխել գերագույն ստահակի բերած աղետը չկարողացանք։

Չկարողացանք նաեւ այն պատճառով, որ արցախահայերը չընդդիմացան այդ գոռոզ պատեհապաշտներին։ Ու այդ փաստը ինձ ահավոր ցավացնում է։ Ես այլեւս չէի ճանաչում ինձ Երեւանա-գալստուկա-սրճարանային կեղծ ինտելեկտուալից հողին կպած մարդ դարձրած իմ սիրելի լեռնեցիներին…

Ահա այսպիսի մտորումներ 5 տարի անց։ Դժբախտ ու դժգույն Երեւանում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ