Politik.am-ը գրում է․ Հայաստանում նոր հակառուսական քաղաքական բեւեռ է ձեւավորվում: Այս հաստատումը կատարելով, մենք ոչ վերստին «անիվ ենք հայտնագործում», ոչ էլ փորձում ենք հերթական դավադրապաշտական տեսությունն առաջ քաշել կամ եղածներից մեկը լոբբինգ անել: Այլ պարզապես անդրադառնում ենք սահուն կերպով նախընտրական քաղաքական բուռն շրջան թեւակոխող Հայաստանի քաղաքական դաշտում վերջին զարգացումներին:
Վերջին շաբաթներին հատկապես հայաստանյան մամուլը անդրադարձավ, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի եւ ԱԺ ինքն իրեն անկախ հռչակած, իսկ իրականում` Նիկոլ Փաշինյանի գործող վարչախմբի արբանյակը համարվող Արման Բաբաջանյանի միջեւ որոշակի համագործակցություն է ձեւավորվել եւ ըստ էության, նախագահ Սարգսյանն ինչ որ առումով, Արման Բաբաջանյանի հետ տանդեմով է սկսել հանդես գալ:
Սա ինչ խոսք, չափազանց հետաքրքրական է: Մի կողմից, ունենք «Մառախլապատ Ալբիոնում» ապրած եւ աշխատած, BP-ում բավականին կարեւոր պաշտոն զբաղեցրած, մի խոսքով թուրք-ադրբեջանական ռեգիոնալ-քաղաքական տանդեմի «քավոր» գլոբալ ուժային կենտրոն Լոնդոնի հետ «արիշ-վելիշներ» ունեցող Արմեն Սարգսյանին, քառասունչորօրյա պատերազմի օրերին նույնիսկ զբաղված էր ադրբեջանական նավթամուղների եւ գազամուղների հանդեպ հոգացողությամբ եւ հայտարարում էր, որ Հայաստանը չի հարվածի ադրբեջանական նավթա-գազային խողովակաշարային ենթակառուցվածքներին, որովհետեւ եթե ուզենար, ապա շուտ դա արած կլիներ․«Եթե հայերը ցանկանային, ապա քսան տարի առաջ կհարվածեին այդ գազամուղին ու նավթամուղին և թույլ չէին տա Ադրբեջանին միլիարդավոր դոլարներ վաստակել և զենք գնել ու հիմա կիրառել ոչ միայն զինվորների, այլև խաղաղ բնակչության դեմ: Թուրքիան այսպիսով փորձում է արդարացնել իր սպաների, գեներալների, իսլամիստ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանում: Իրականում դա լինելու է նրանց մշտական ներկայությունն Ադրբեջանում, բայց սա արդեն Ադրբեջանի ժողովրդի ու կառավարության գործն է: Նրանք չեն բավարարվելու միայն «պահպանելով» այդ ենթակառուցվածքները, այլ կսկսեն վերահսկել, հետո՝ կառավարել դրանք, իսկ սա նշանակելու է, որ ողջ Եվրոպան նավթի և գազի մատակարարման տեսանկյունից կախվածության մեջ է լինելու Թուրքիայից, որը կվերածվի հսկայական ազդեցությամբ երկրի»,-հայտարարում էր Արմեն Սարգսյանը, ըստ էության վստահեցնելով, որ ադրբեջանական նավթամուղերը կշարունակեն անվտանգ գործել։
Մյուս կողմից ունենք մշտապես հակառուսականության դերում հանդես եկող, եւ արեւմտյան ուժերի հանդեպ փարվածություն ունեցող Արման Բաբաջանյանին, ով քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում բառացիորեն հայտարարում էր հետեւյալը.«Վերահաստատում եմ ասածս՝ Ադրբեջանի տարածքում գործող արևմտյան նախագծերը հայկական զինված ուժերը պետք է վերցնեն նշնառության տակ՝ հարկ եղած դեպքում պետք է առնվեն Հայաստանի և Արցախի զինված ուժերի պաշտպանության տակ․․․»:
Ստացվում է, որ նախագահ Սարգսյանն ու պատգամավոր Բաբաջանյանը ընդհանուր եզրեր ունեն համագործակցության, հանձինս թուրք-ադրբեջանական տանդեմի եւ բրիտանական նավթային կոնցեռնի շահերի սպասարկման եւ լոբբինգի, որը ընդ որում, ունի ընդգծված հակառուսական բնույթ, քանի որ Արման Բաբաջանյանի հակառուսական ելույթները այս ֆոնին բավականին ուժգնացել են եւ սրվել:
Հ․Գ․ Ի դեպ չար լեզուներն ասում են, որ հենց Արմեն Սարգսյանն է «որդեգրել» Արման Բաբաջանյանին և աջակցում է նրան, որպեսզի վերջինս կարողանա թեկուզ անցողիկ ամենանվազագույն թվերով մտնել խորհրդարան։ Այդ դեպքում հնարավոր կլինի արդեն ունենալ կոնկրետ հակառուսական խմբակցություն, որն առավել թանկ գներով կարող է սպասարկել Արևմուտքի շահերը՝ Հայաստանի շահերի հաշվին։ Արմեն Սարգսյանը լավ բիզնեսմեն է և լավ հնարավորություն է տեսնում այս նախագծում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը