Ցավով պետք է փաստել, որ Հայոց Ցեղասպանությունը բոլորովին էլ զուտ պատմական անցյալի իրողություն չի, և ներկայիս Հայաստանը և հայությունը բախվում է նույն Թուրքիայի և նրա մոլեռանդ կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի նոր ցեղասպան նկրտումներին, և դրանց հրեշավոր դրսևորումներին մենք բախվում ենք տառացիորեն ամեն օր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը:
«Երեկ, ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը, վերջապես խախտելով հարյուրամյակից ավել տևող տաբուն, իրերը կոչեց իրենց անունով, և իր հայտարարության մեջ պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։ Ես ողջունում եմ այս, թեև ուշացած, բայց կարևոր հայտարարությունը, և շնորհակալություն հայտնում ամերիկահայ համայնքի մեր բազմահազար քույրերին և եղբայրներին, ինչպես նաև մեր բազմաթիվ ամերիկացի գործընկերներին, որոնց հետևողական, տասնամյակներ տևած աշխատանքի շնորհիվ, աշխարհի խոշորագույն գերտերությունը վերջապես պետական բարձրագույն մակարդակով ընդունեց պատմական իրողությունները։
Դրանով հանդերձ, ցավով պետք է փաստել, որ Հայոց Ցեղասպանությունը բոլորովին էլ զուտ պատմական անցյալի իրողություն չի, և ներկայիս Հայաստանը և հայությունը բախվում է նույն Թուրքիայի և նրա մոլեռանդ կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի նոր ցեղասպան նկրտումներին, և դրանց հրեշավոր դրսևորումներին մենք բախվում ենք տառացիորեն ամեն օր։ Ուստի Ցեղասպանության դեմ պայքարն էլ շարունակվում է այսօր, և մենք պետք է ակնկալենք նույն ԱՄՆ կողմից շատ ավելի գործուն և առարկայական մասնակցություն՝ զսպելու մեր երկու թշնամական հարևանների ագրեսիվ նկրտումները, և սեփական գործողություններով նպաստելու մեր տարածաշրջանում կայուն և արդարացի խաղաղության հաստատմանը։ Մինչ այդ, մեզ բոլորիս տոկունություն և կորով եմ ցանկանում՝ վերականգնելու մեր ուժերը, և հետևողական քայլերով շարունակելու կառուցել մեր երազած ազատ, անկախ և հզոր Հայաստանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը