«Մենք հիմա 10 հազարից ավելի հետախուզվող քաղաքացիներ ունենք, որոնց մի մասը մեկնել է սովորելու, մի մասին 5-6 տարեկանից ծնողները տարել են երկրից, այսինքն՝ բոլորը չէ, որ փախել են»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով Կառավարության ընդունած նոր որոշմանը, համաձայն որի՝ 27 տարին լրացած և ժամկետային զինծառայություն չանցած տղամարդկանց նկատմամբ կկիրառվի համաներում։
Նրա խոսքով, չի կարելի ուղղակի խզել կապերն այդ մարդկանց հետ ու ասել, որ նրանք հայրենիքին պետք չեն։ Ըստ պատգամավորի, 27 տարին լրացած քաղաքացին այլևս զինապարտ չէ, և ՀՀ գալուց հետո նրան միայն դատ էր սպասվում, իսկ այս պարագայում հնարավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ վերադառնան Հայաստան և իրենց գործունեությունը այստեղ ծավալեն։
«Այստեղ մի խնդրահարույց կետ կա, որ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին բոլորած քաղաքացիների վրա է տարածվում համաներումը։ Դա անհասկանալի է, և երբ նախագիծը գա ԱԺ, մենք այդ հարցն անպայման բարձրացնելու ենք»,- նշեց Գևորգ Գորգիսյանը, ապա հավելեց՝ կարևոր է, որ հնարավորություն տրվի քաղաքացիերին վերադառնալ հայրենիք։
Նրա կարծիքով, աշխարհում ամեն հայ կարող է նպաստել հայրենիքի շենացմանը, և իշխանությունը դրա համար նախապայմաններ պետք է ստեղծի։
«Հայրենիքին ծառայել միայն սահմանագծին կանգնելով չի լինում, դա ևս շատ կարևոր է, բայց եթե մենք բաց ենք թողել այդ փուլը, ապա պետք է հիմա հնարավորություն ստեղծենք, որ մարդիկ վերադառնան հայրենիք ու շենացնեն իրենց երկիրը։ Եթե 27 տարեկան քաղաքացին կապը հայրենիքի հետ կտրեց, նա այլևս երբեք չի վերադառնալու։ Մենք ստեղծում ենք հնարավորություն, որ նա գոնե որպես տուրիստ գա, ճանաչի ու սիրի իր հայրենիքը։ Հակառակ պարագայում մենք փակում ենք այդ դարպասը, կտրում ենք այն թելերը, որոնցով նա կապված է հայրենիքի հետ»,- նկատեց պատգամավորը։
Անդրադառնալով Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի վերջնական զեկույցին, և դրա տակ ԼՀԿ-ի ստորագրության բացակայությանը՝ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ այդ զեկույցը «կապիտուլյացիոն» փաստաթղթի ստորագրումից հետո է ուղարկվել ԱԺ նախագահին, իսկ այդ ժամանակ երկրում քաղաքական խորը ճգնաժամ էր, ուստի իրենք չեն հասցրել ծանոթանալ զեկույցին և միանալ դրան։
«Այսօր դեռ չի հրապարակվել այդ զեկույցը, և դա արվել է իշխանությունների քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Քանի որ այդտեղ կան խնդիրներ, որոնք բացահայտվել էին 2016 թվականին և չեն շտկվել մինչև 2020 թվականը, և հետո, վերջին պատերազմում իրենց ձախողումներն ու կորուստները անհամեմատելի են 2016-ի ապրիլյան պատերազմի հետ, որտեղ մենք կարողացանք կասեցնել հակառակորդի առաջխաղացումը։ Եվ այն քաղաքական արդյունքը, որ իրենք ուզում էին ստանալ քննիչ հանձնաժողովի աշխատանքից հետո, Սերժ Սարգսյանի ձախողված առաջնորդ կերպարի ստեղծումն էր, որն իրենք, փաստորեն, չկարողացան ստանալ, որովհետև իրենք շատ ավելի ձախողված են»,- ընդգծեց Գևորգ Գորգիսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը