02 04 2021

Գլխավոր դատախազը սորոսականների պլա՞նն է կատարում․ Hraparak.am

Գլխավոր դատախազը սորոսականների պլա՞նն է կատարում․ Hraparak.am

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով դիմել է Սահմանադրական դատարան:

Դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունն։

Այլ կերպ ասած՝ Դավթյանը ՍԴ-ից փորձում է թույլտվություն ստանալ Քոչարյանին և մյուսների առաջադրված մեղադրանքները վերաձևակերպելու,վերաորակելու և այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու համար։ Հետաքրքիր է, որ այս գաղափարը առաջինը հրապարակ էին նետել սորոսական թևի կարկառուն ներկայացուցիչները, մասնավորապես Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանին և մյուսներին առաջադրված մեղադրանքը, շտապեց «բոլորին հանգստացնել», թե մեղադրանքը անպայման վերաորակվելու է․

«Քանի չեք հրապարակել, ՍԴ որոշման վերջին մասում գրեք՝ «սահմանադրական կարգի տապալման գործով փնտրվում է մեղադրյալ, քանի որ հանցանքը կա»։
Ժողովուրդ ջան, իրականում, տխրությունը և հիասթափությունը ՍԴ կատարված «բարեփոխումների» համար է։ Մարտի 1-ի գործը փակել հնարավոր չէ, մեղադրանքի հիմքը կազմող փաստացի ու ապացուցողական բազան ՍԴ որոշումով չի վերանում, արարքը վերաորակվելու է․ ինչպես այդ գործով ներգրավված փաստաբաններն են վստահաբար պնդում՝ մեղադրանքի ծավալն ու այնտեղ շարադրված հանցագործություններն այնքան շատ է, որ վերաորակման բազում այլընտրանքներ կան»,- գրել էր Սաֆրայնաը։

Զարմանալի «զուգադիպությամբ» նույնը կրկնել էր նաև Արման Բաբաջանյանը․

«Գլխավոր ամբաստանյալին և գործով անցնող մյուս հանցագործներին առ ի գիտություն՝ Մարտի 1-ի գործը փակել հնարավոր չէ: 

Մեղադրանքը, փաստական և ապացուցողական բազան ՍԴ որոշմամբ չի վերանում: 
Այս գործով մեղադրանքի ծավալը, հանցագործություններն այնքան շատ են, որ առանց կասկածի, գործով անցնող բոլոր հանցագործների արարքը վերաորակվելու է և պատիժը լինելու է անխուսափելի»,- գրել էր Բաբաջանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ