Գերագույն գլխավոր գելխեղդի հայտնի հայտարարությունից հետո թիմում բուռն ցանկություն կա՝ վերանվանել խմբակցությունը՝ կոչելով այն «Իմ Գայլը»։ Քայլելով էլ տեղ չես հասնի, միակ ճանապարհը մնաց խեղդելը։
Եթե նկատել եք, Նիկոլը դժվար է հարմարվում ուրբանիզացիային, էվոլյուցիոն ինչ-որ կանչ նրան անընդհատ ձգում է դեպի անտառ։ Մի ժամանակ, որպես իր պաշտոնավարման հաջողված փաստ, անդադար նշում էր Ենոքավանի անտառներում հայտնված ընձառյուծին։ Թե ինչ կապ ուներ այդ կենդանու հաջողությունների հետ ինքը,այդպես էլ հնարավոր չեղավ հասկանալ։ Հիմա էլ հետպատերազմյան Հայաստանի մոդեռնիզացիան և մեր երկրի աշխարհքաղաքական անվտանգության բանաձևը պատկերացնում է գելխեղդի աշխարհայացքով։ Ի դեպ, ասում են 100 գելխեղդից մեկն է կարողանում հաղթել գայլին։ Սովորաբար լրիվ հակառակն է լինում։ Ուղղակի գելխեղդը ճղճղան է ու իր արնաքամ պարտությունը փորձում է խլացնել։
Իսկ ընդհանրապես, Փաշինյանի արիստոկրատ կերտվածքում չափից շատ է արյունը։ Նույնիսկ հեռավոր գյուղի միտինգում ձգտում է խոսքի մեջ արյուն թափել։ Նրա քաղաքական և հումանիտար գոյության առանցքում անընդհատ արյունն է՝ իր մեղքով, իր շնորհիվ թափված արյունը։
Կարող էր, չէ՞, իրեն նույնականացնել մեկ այլ խաղաղ կամ խելացի տեսակի հետ՝ աղավնու, դելֆինի, փղի, կամ գոնե աշխատող ավանակի հետ, որոնք արյուն ու ողբերգություն հաստատ չեն ուզում։ Բայց չէ, նրան ձգում են արյան ելքով համեմատությունները։
Իսկ «Իմ Գայլը» խմբակցությունը դեռևս չի հասկանում, որ Փաշինյան-գելխեղդի վերջին զոհը լինելու են իրենք, երբ մի օր արթնանան ու տեսնեն, որ գելխեղդը բոլորին «քցել է»՝ փրկելով իր առաքինի հոգին։
Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը