ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու ավերման վերաբերյալ։
«Այսօր BBC լրատվական ծառայության կողմից շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր՝ փաստելով Մեխակավան (Ջեբրայիլ) բնակավայրի մոտ գտնվող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնահատակ ավերումը, որը տեղի է ունեցել շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնվելուց հետո: Այդ նույն եկեղեցին Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ արդեն իսկ ենթարկվել էր սրբապղծման:
Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի կողմից կրոնական ատելության հիմքով իրականացված հանցագործության հերթական այս դեպքը։ Միաժամանակ առավել անհանգստացնող է ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից այս բարբարոսությունը հիմնավորելու փորձերը, ինչը ցույց է տալիս, որ վանդալիզմի այս հերթական դրսևորումն ունեցել է միտումնավոր բնույթ և իր կազմակերպվածությամբ հիշեցնում է Նախիջևանի պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը:
Վերջին պատերազմից հետո պաշտամունքի վայրի ոչնչացման այս դեպքն առանձին դրվագ չէ: Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի 200 տարուց ավել պատմություն ունեցող «Կանաչ ժամ» եկեղեցու ավերումը փաստում է, որ ադրբեջանական կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը հիմվում է միայն մեկ չափանիշի վրա, և այդ չափանիշը քրիստոնյա հայ ժողովրդի հանդեպ ատելությունն է:
Ի հեճուկս աշխարհին որպես «հանդուրժողականության և բազմամշակութայնության կենտրոն» ներկայանալու ջանքերին՝ Ադրբեջանն առ այսօր ամրագրել է իր դիրքը՝ որպես քրիստոնեական ժառանգության ոչնչացման առաջամարտիկ:
Հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացումը ևս մեկ անգամ ի ցույց է դնում ադրբեջանական իշխանությունների՝ քրիստոնեական մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ հավաստիացումների սին լինելը:
Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի կողմից նախորդ տարվա սեպտեմբերի 27-ից սկսված և մինչ օրս շարունակվող հանցագործությունների, այդ թվում՝ մշակութային ցեղասպանության դադարեցման և դատապարտման ուղղությամբ»,- ասված է նրա մեկնաբանությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը