22 03 2021

Հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին. ԱԳՆ խոսնակ

Հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին. ԱԳՆ խոսնակ

«The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։ Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների և քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով և խոշտանգումներով։

Զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։ Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում։

Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները: Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը և խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ