Հեղափոխությունից 2,5 տարի հետո ունենք մի իրավիճակ, որ մինչև հիմա անհայտ է, թե ովքեր 2008-ի մարտի 1-ին սպանեցին 10 քաղաքացիներին, ով հրաման տվեց գնդակահարել ցուցարարներին փողոցում և ինչպես նրանք մահացան: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Այս ընթացքում գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն անընդհատ հավաստիացումներ էին տալիս, թե «Մարտի 1»-ի բացահայտմանը խանգարում են այն մի քանի հետախուզվող մարդիկ, հիմա դրանց էլ կբերենք, ամեն ինչ կբացահայտվի, բայց կյանքը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ասում են՝ պատրաստ ենք գալ եւ ցուցմունքներ տալ, ՀՔԾ-ն չի ընդառաջում: Ստացվում է, որ շատ մարդիկ, որ լքեցին Հայաստանը և հայտարարում էին, որ քաղաքական հետապնդման են ենթարկվում, եւ այդ հետապնդումը փորձում էին իրենց ձևակերպմամբ ապացուցել: Այդ պաշտոնյաների մեջ էր նաև նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը»,-ասաց Թովմասյանը:
Նա հրապարակեց միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանության՝ «Ինտերպոլի» մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ Ինտերպոլի ազգային բյուրոյին, որում մասնավորապես, ասվում է. «Խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի չի համապատասխանում ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին»: Իսկ այդ հոդվածում ասվում է. «Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասայական բնույթի որեւէ միջամտություն: Հետեւաբար համապատասխան ծանուցում չի ուղարկվել եւ այդ անձի վերաբերյալ տեղեկությունը՝ Ինտերպոլի դեռեւս 2020-ի ապրիլի 4-ին տվյալների բազայից հանվել է»:
«Այսինքն Գևորգ Կոստանյանի գործը Ինտերպոլը համարել է քաղաքական և ըստ էության մերժել է Հայաստանի իրավապահներին հետախուզել Գեւորգ Կոստանյանին: Մինչդեռ մեր դատախազությունն ու ՀՔԾ-ն անընդհատ հայտարարում էին, թե հետախուզում են հայտարարել»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը